Միասթենիա գրավիս
մարդու հիվանդություն / From Wikipedia, the free encyclopedia
Միասթենիա գրավիս (ՄԳ, մկանաթուլություն), երկարատև ընթացքի նեյրոմկանային հիվանդություն, որը հանգեցնում է տարբեր աստիճանի ծանրության կմախքային մկանների թուլության։[1] Ամենահաճախը ախտահարվում են դեմքի, աչքերի և կլմանը մասնակցող մկանները[1]։ Դա կարող է հանգեցնել երկտեսության, կոպերի իջեցման (պտոզ), խոսքի և քայլքի դժվարացման[1]։ Սկիզբը կարող է լինել հանկարծակի[1]։ Հիվանդները հաճախ ունենում են ուրցագեղձի մեծացում կամ նրանց մոտ զարգանում է թիմոմա[1]։
Միասթենիա գրավիս | |
---|---|
Տեսակ | անբուժելի/հազվագյուտ հիվանդություն, անբուժելի/հազվագյուտ հիվանդություն և հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
Myasthenia gravis Վիքիպահեստում |
Միասթենիան աուտոիմուն հիվանդություն է, որը զարգանում է հակամարմիններով նյարդամկանային սինապսի հատվածում նիկոտինային ացետիլխոլինային ընկալիչների շրջափակման կամ քայքայման հետևանքով[1] Դա կանխում է նյարդային ազդակների փոխանցումը մկաններին[1]։ Հազվադեպ ժառանգական գենետիկ դեֆեկտը նյարդամկանային սինապսի հատվածում հանգեցնում է նմանատիպ խնդիրների և հայտնի է որպես բնածին միասթենիա[2][3]։ Միասթենիայով մայրերից ծնված երեխաները կարող են ունենալ հիվանդության նշանները իրենց կյանքի առաջին մի քանի ամիսը, ինչը հայտնի է որպես նեոնատալ միասթենիա[1]։ Ախտորոշումը հաստատվում է արյան անալիզում յուրահատուկ հակամարմինների հայտնաբերմամբ էդրոֆոնիում թեստով կամ նյարդային փոխանցման ուսումնասիրմամբ[1]։
Միասթենիան հիմնականում բուժվում է ացետիլխոլինէսթերազայի ինհիբիտորներով, ինչպիսիք են նեոստիգմինը և պիրիդոստիգմինը[1]։ Իմունաճնշիչները, ինչպիսիք են պրեդնիզոնը կամ ազաթիոպրինը, նույնպես կարող են օգտագործվել[1]։ Ուրցագեղձի վիրաբուժական հեռացումը որոշ դեպքերում կարող է թեթևացնել ախտանիշները[1]։ Պլազմաֆերեզը և ներերակային իմունոգլոբուլինների բարձր դոզաները կարող են օգտագործվել հիվանդության հանկարծակի բռնկման դեպքերում[1]։ Երբ զարգանում է շնչառական մկանների զգալի թուլություն կարող է կիրառվել արհեստական շնչառություն[1]։
Միասթենիանիայի հանդիպման հաճախականությունը 50-200։1000000 է[4][5]։ Այն ամեն տարի ախտորոշվում է 3-30։1000000 հաճախականությամբ[6]։ Ախտորոշումը դառնում է ավելի տարածված կապված տեղեկացվածության բարձրացման հետ[6]։ Այն առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ մինչև 40 տարեկանը և տղամարդկանց մոտ 60 տարեկանից հետո[1]։ Այն հազվադեպ է հանդիպում երեխաների մոտ[1]։ Բուժման դեպքում հիվանդների մեծ մասը վարում է հարաբերականորեն նորմալ ապրելակերպ և ունենում է կյանքի նորմալ տևողություն[1]։ Myasthenia բառը ունի հունարեն ծագում mys "մկան" և asthenia "թուլություն" և լատիներենով gravis "լուրջ"[1]։