Յուլիա Տիմոշենկո
From Wikipedia, the free encyclopedia
Յուլիա Տիմոշենկո (ուկրաիներեն՝ Юлія Володимирівна Тимошенко, նոյեմբերի 27, 1960(1960-11-27)[1], Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի պետական և քաղաքական գործիչ։ Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր (1997-2000, 2002-2005, 2006-2007, 2007, 2014 թվականից)։
Յուլիա Տիմոշենկո ուկրաիներեն՝ Ю́лія Володи́мирівна Тимошенко | |
Կուսակցություն՝ | Բատկիվշչինա |
---|---|
Կրթություն՝ | «Դնեպրոպետրովսկի պոլիտեխնիկ» ազգային տեխնիկական համալսարան և Դնեպրոպետրովսկի Օլես Գոնչարի անվան ազգային համալսարան |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | նոյեմբերի 27, 1960(1960-11-27)[1] (63 տարեկան) |
Ծննդավայր | Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Ի ծնե անուն | ուկրաիներեն՝ Юлія Володимирівна Грігян |
Հայր | Volodymyr Hrihyan? |
Մայր | Lyudmila Telehina? |
Ամուսին | Օլեկսանդր Տիմոշենկո |
Զավակներ | Եվգենիա Տիմոշենկո |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Նա 2005 թվականի հունվարի 8-ից մինչև սեպտեմբերի 24-ը և 2007 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 2010 մարտի 4-ը Ուկրաինայի վարչապետն էր։
Ուկրաինայի պատմության մեջ առաջին և առայժմ միակ կին վարչապետը, ինչպես նաև առաջին կինը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր ԱՊՀ երկրներում։ 2004 թվականին Տիմոշենկոն (Վիկտոր Յուշչենկոյի հետ) Նարնջագույն հեղափոխության կազմակերպիչն ու առաջնորդն էր։ 2005 թվականին Ֆորբս ամսագրի վարկանիշում աշխարհի ազդեցության մակարդակով երրորդ կինն է[2]։
Վիկտոր Յանուկովիչի նախագահության ժամանակ Յուլիա Տիմոշենկոյի դեմ մի շարք քրեական գործեր են հարուցվել։ 2011 թվականի օգոստոսի 5-ին Տիմոշենկոն ձերբակալվել էր, 2011 թվականի հոկտեմբերի 11-ին դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ 2009 թվականի հունվարին Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս իշխանության և ծառայողական լիազորությունների չարաշահման գործով[3][4]։ Դանիայի Հելսինկյան կոմիտեն, հետևելով դատական գործընթացին, հանգել է նրա քաղաքական մոտիվացիայի և մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտումների մասին եզրակացության[5][6]։ Մի շարք իրավապաշտպաններ Յուլիա Տիմոշենկոյին քաղբանտարկյալ են համարում[7]։ Նույն մտքին է նաև Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի «քաղաքական և քրեական պատասխանատվության բաժանման մասին» պաշտոնական զեկույցը, որը 2013 թվականի ապրիլի 23-ին հավանության է արժանացել Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի կողմից[8][9][10]։ 2014 թվականի փետրվարի 22-ին իշխանափոխությունից հետո Գերագույն Ռադան Տիմոշենկոյին ազատ էր արձակել կալանքից։
2014 թվականի ապրիլի 14-ին Ուկրաինայի Գերագույն դատարանը բոլոր պալատների համատեղ նիստի ընթացքում 48 դատավորներից 42-ի որոշմամբ փակել էր Յուլիա Տիմոշենկոյի «գազային» գործը[11]։
Իր թեկնածությունն առաջադրել Է Ուկրաինայի նախագահի պաշտոնում երեք անգամ՝ 2010, 2014 և 2019 թվականներին։ Ուկրաինայի նախագահական ընտրություններում 2019 թվականի մարտի 31-ին զբաղեցրել է 3-րդ տեղը՝ ստանալով ընտրողների ձայների 13,40 %-ը՝ այդպիսով չանցնելով երկրորդ փուլ։