ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008
From Wikipedia, the free encyclopedia
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ 2008, ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ 2008 թվականի մայիսի 21-ին, Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում, որտեղ որոշվել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2007-2008-ի հաղթողը։ Հանդիպեցին անգլիական Մանչեսթեր Յունայթեդը և Չելսին, ինչը առաջին անգլիական եզրափակիչն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ։ Սա միայն երրորդ անգամն էր, որ եզրափակչում հանդիպում են նույն երկիրը ներկայացնող ակումբներ, նախորդ անգամները եղել էին 2000 և 2003 թվականներին։ Առաջին անգամ Եվրոպական գավաթի եզրափակիչը տեղի ունեցավ Ռուսաստանում, հետևաբար այն ամենաարևելյան եզրափակիչն էր մրցաշարի պատմության մեջ։ Այդ տարին համընկավ Մյունխենի օդային աղետի 50 ամյակի հետ։ Այն Մանչեսթեր Յունայթեդի երրորդ եզրափակիչն էր 1968 և 1999 թվականներից հետո, մինչդեռ Չելիսիի համար` առաջինը։
Իրադարձություն | Չեմպիոնների Լիգա 2007-2008 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Լրացուցիչ ժամանակից հետո Մանչեթսեր Յունայթեդը հաղթեց 6-5 հաշվով հետխաղյա 11 մետրանոցներում | |||||||
Ամսաթիվ | 21 մայիս 2008 | ||||||
Մարզադաշտ | Լուժնիկի մարզադաշտ, Մոսկվա | ||||||
Հանդիպման խաղացող | Կրիշտիանու Ռոնալդու (Մանչեսթեր Յունայթեդ) | ||||||
Գոլեր | Կրիշտիանու Ռոնալդու և Ֆրենկ Լեմպարդ | ||||||
Մրցավար | Լուբոշ Միշել (Սլովակիա) | ||||||
Հանդիսական | 67,310 | ||||||
Եղանակ | Ամպամած[1] | ||||||
Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց հետխաղյա 11 մետրանոցների արդյունքով՝ 6-5 հաշվով, նախքան այդ հիմնական և լրացուցիչ ժամանակները ավարտվել էին միևնույն՝ 1-1 հաշվով։ Խաղի հաշիվը բացեց Կրիշտիանու Ռոնալդուն 26-րդ րոպեին Վես Բրաունի փոխանցումից հետո, բայց Ֆրենկ Լեմպարդը հավասարեցրեց հաշիվը խաղակեսի ավարտից քիչ առաջ։ Երկրորդ խաղակեսը և լրացուցիչ ժամանակները անցան առանց լուրջ միջադեպի մինչև Չելիսիի խաղացող Դիդիե Դրոգբան հեռացվեց Նեմանյա Վիդիչի հետ խախտում կատարելու պատճառով խաղի ավարտից չորս րոպե առաջ։ Հետխաղյա 11 մետրանոցները իրացնելիս Ռոնալդուն վրիպեց իր հարվածը և շանս տվեց Ջոն Տերիին հաղթական գոլ խփելու, սակայն նա ևս շեղ հարվածեց։ Այնուհետև Էդվին վան դեր Սարը որսաց Նիկոլա Անելկայի հարվածից ընթացող գնդակը, ինչը վճռորոշ դեր խաղաց, և Մանչեսթերը նվաճեց իր երրորդ Եվրոպական գավաթը։
Խաղին հետևում էր ավելի քան 67.000 հանդիսատես մարզադաշտում և 17,5 միլիոն հանդիսատես հեռուսատեսությամբ Միացյալ թագավորությունում և Իռլանդիայում։ Մանչեսթեր Յունայթեդը ստացավ €7 միլիոն հաղթանակի համար, իսկ Չելսին` €4 միլիոն։ Որպես հաղթող՝ Մանչեսթերը իրավունք ստացավ խաղալու ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2008-ում, որտեղ պարտվեց ՈՒԵՖԱ գավաթի հաղթող Սանկտ Պետերբուրգի Զենիթին 1-2 հաշվով և ՖԻՖԱ Աշխարհի ակումբային առաջնություն 2008-ին, որում հաղթանակ տարավ։