Ուեմբլի մարզադաշտ
From Wikipedia, the free encyclopedia
«Ուեմբլի» (անգլ.՝ Wembley Stadium, [ˈwɛmbli]), առավել հայտնի է Նոր Ուեմբլի (անգլ.՝ New Wembley անվանումով), մարզադաշտ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Ուեմբլի արվարձանումում։ Կառուցվել է 2007 թվականին՝ նախկին «Ուեմբլի» մարզադաշտի տեղը։ Նախկին «Ուեմբլին», որ հայտնի էր նաև Էմփայր Սթեյդիում (անգլ.՝ Empire Stadium) անվամբ և աշխարհի ամենահամբավված ֆուտբոլային մարզադաշտերից մեկն էր, քանդվել է 2002-2003 թվականներին[12][13]։ Ի դեպ, այդտեղ, ի շարս բազմաթիվ կարևոր մրցախաղերի, անց են կացվել նաև ֆուտբոլի աշխարհի 1966 թվականի առաջնության բացման (Անգլիա-Ուրուգվայ) և եզրափակիչ (Անգլիա-ԳՖՀ) հանդիպումները։
Տեսակ | բազմաֆունկցիոնալ մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Ամբողջական անվանում | Wembley Stadium |
Տեղագրություն | Բրենտ և Ուեմբլի |
Երկիր | Միացյալ Թագավորություն[1] |
Հիմնադրված | 2003 |
Կառուցված | 2007 |
Բացված | 2007 |
Կառուցող | Brookfield Multiplex[2] |
Կառուցման գին | £798 միլիոն (2007) |
Ճարտարապետ | Foster and Partners[3] և Populous[4] |
Ճարտարագետ | Mott MacDonald[5], Sinclair Knight Merz?[6], Aurecon?[7] և Cleveland Bridge & Engineering Company?[8] |
Սեփականատեր | Wembley National Stadium Ltd? |
Գործաղեկավար | Foster and Partners |
Տարողություն | 90 000[9] |
Տնային թիմ | Անգլիա (2007 - ներկա) Տոտտենհեմ Հոտսպուր (2016 - Ներկա)[10] |
Դաշտի չափսեր | 105 × 69 մ |
Ծածկույթի տեսակը | Desso GrassMaster?[11] |
Կայք | wembleystadium.com(անգլ.) |
Wembley Stadium Վիքիպահեստում |
Նոր «Ուեմբլի»-ում են անցկացվել և անցկացվում Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մրցախաղերը, գավաթային եզրափակիչ հանդիպումները, ռեգբիի կարևորագույն մրցախաղեր, մեծ հետաքրքրություն առաջացրած համերգներ և խոշորամասշտաբ այլ միջոցառումներ։ Մարզադաշտի սեփականատերը անգլիական ֆուտբոլի ղեկավար մարմինն է՝ Ֆուտբոլի ընկերակցությունը (Football Association - FA), որի գրասենյակը հենց մարզադաշտում էլ գտնվում է։ Ունենալով 90 հազար նստատեղ՝ նոր «Ուեմբլի»-ն մեծությամբ առաջինն է Բրիտանիայում և երկրորդը՝ Եվրոպայում (զիջում է միայն բարսելոնյան «Կամպ Նոու»-ին)[14]։
Նախագիծը պատրաստել են ամերիկյան Populous և բրիտանական Foster and Partners նախագծա-ճարտարապետական ընկերությունների մասնագետները, շինարարությունն իրականացրել է ավստրալական Multiplex ընկերությունը։ Կառույցը պսակված է 134 մետր բարձրություն ունեցող կամարով, որը գեղեցիկ տեսք հաղորդելով հանդերձ՝ կրում է տանիքի ծանրության ավելի քան 75 տոկոսը[15]։ Պողպատե այդ կամարը համարվում է տանիքի ամենաերկար միաթռիչք կոնստրուկցիան աշխարհում։ Մարզադաշտի շինարարությունն արժեցել է £798 միլիոն ֆունտ սթեռլինգ[16][17], ավարտվել է 2007 թվականին։ Նորակառույց մրցասպարեզում անցկացված առաջին մրցախաղը եղել է Անգլիայի և Իտալիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների ընկերական հանդիպումը 55.700 հանդիսականների ներկայությամբ (խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով)[18]։
Այստեղ կայացած հիշարժան մրցախաղերից են 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցապայքարի եզրափակիչ խաղը, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2011 և 2013 թվականների եզրափակիչ հանդիպումները, Euro 2020-ի ութ մրցախաղ (ներառյալ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ խաղերը)[19], ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնության 2022 թվականի եզրափակիչը (UEFA Women's Euro 2022)[20]: ՈՒԵՖԱ-ի չորրորդ կարգ ունեցող այս մարզադաշտում է անցկացվելու նաև չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակիչ հանդիպումը[21]։