Ուինսլոու Հոմեր
ամերիկյան նկարիչ և գրաֆիկ, ամերիկյան իրատեսական նկարչության հիմնադիր (1836-1910) / From Wikipedia, the free encyclopedia
Ուինսլոու Հոմեր (անգլ.՝ Winslow Homer, փետրվարի 24, 1836(1836-02-24)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4][5][6] - սեպտեմբերի 29, 1910(1910-09-29)[1][2][3][…], Prouts Neck, Scarborough, Քամբերլենդ շրջան, Մեն, ԱՄՆ և Մեն, ԱՄՆ[5][6]), ամերիկյան նկարիչ և գրաֆիկ, ամերիկյան իրատեսական նկարչության հիմնադիր (Թոմաս Իկինսի հետ)։ Առավել հայտնի է իր ծովային բնանկարներով։ Հայտնի է ինչպես յուղանկարներով, այնպես էլ ջրաներկ աշխատանքներով։ Հետազոտողների մեծ մասը Հոմերին դիտարկում են որպես 19-րդ դարի ամերիկյան արվեստի խոշորագույն գործիչ, որն ազդեցություն է ունեցել ամերիկյան գեղանկարչության ողջ հետագա զարգացման վրա։
Հոմերը պատկանում էր ամերիկացի նկարիչների առաջին սերնդին, որոնք ստեղծել էին ամերիկյան գեղարվեստական սեփական դպրոցը։ Մինչ նրա ժամանակակիցների մեծ մասը եվրոպական արվեստը դիտում էին որպես իդեալ, Հոմերը թեև զգացել է գեղարվեստական ամենատարբեր հոսանքների ազդեցությունը, իր ստեղծագործության մեջ հիմնականում հիմնվել է զուտ ամերիկյան սյուժեների վրա։
Հոմերի ստեղծագործությունը բաժանվում է նկատելիորեն տարբեր երկու ժամանակահատվածների. մինչև 1880-ականների սկիզբ, երբ նա ապրել է հիմնականում Նյու Յորքում, և նրա գեղանկարներում գերակշռել են պայծառ, արևոտ բնանկարներն ու տեսարանները, և 1880-ականների կեսեր, Մեն նահանգում, երկամյա ընդմիջումից հետո, որը նկարիչն անցկացրել է Անգլիայում։ Վերջին շրջանի համար ավելի շատ բնորոշ են մութ երանգներն ու բռնության տեսարանները, ողբերգությունները։