Ուկրաինական գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինական գրականություն, ուկրաիներենով գրված գրականություն։
Իվան Կոտլյարևսկի (1769–1838) |
Տարաս Շևչենկո (1814–1861) |
Իվան Ֆրանկո (1856–1916) |
Միխայիլ Կոցյուբինսկի (1864–1913) |
Լեսյա Ուկրաինկա (1871–1913) |
---|---|---|---|---|
Ուկրաինական գրականության սկզբնաղբյուրը Կիևյան Ռուսիայի գրականությունն է, որն առաջացել է 10-րդ դ․ վերջին 11-րդ դ․ սկզբին և ստեղծվել է հին ռուսական ժողովրդական լեզվով։ Ուկրաիներեն, ռուսերեն և բելառուսերեն գրականությունների ընդհանուր հուշարձանն է «Ասք Իգորի արշավանքի մասին» (12-րդ դ․ վերջ) գործը։ Ուկրաինական գրականության զարգացման մեջ մեծ նշանակություն է ունեցել ժողովրդական ստեղծագործությունը, որտեղ վերստեղծվել են ժողովրդի կյանքն ու կենցաղը, կարևորագույն պատմական իրադարձությունները։ 16-րդ դ․ վերջին 17-րդ դ․ սկզբին բանավիճական արձակի նշանավոր ներկայացուցիչ է եղել Ի․ Վիշենսկին։ 17-րդ դ․ 2-րդ կեսին 18-րդ դ․ սկզբին են ստեղծվել Սամովիդեցի, Գ․ Գրաբյանկայի, Ս․ Վելիչկոյի, այսպես կոչված, կազակային տարեգրությունները, որոնք կարևոր դեր են խաղացել գրականության զարգացման մեջ։ 18-րդ դ․ 2-րդ կեսին հանդես եկավ գրող, փիլիսոփա, լուսավորիչ և մանկավարժ Գ․ Սկովորոդան (1722-1794)։ Նրա ստեղծագործությունը դարձավ նոր ուկրաինական գրականության նախերգանքը։ Ուկրաինական նոր գրականության կազմավորման վկայությունն է Ի․ Կոտլյարևսկու (1769-1838) ստեղծագործությունը, որով նա օրգանապես միացրեց բանավոր ու գրավոր գրականության լավագույն ավանդույթները, ամրապնդեց գրական լեզվի ժողովրդական հիմքերը։ 1820-1840-ական թվականներին գրականության մեջ առաջատար տեղ գրավեց առակի ժանրը (Պ․ Գուլակ-Արտեմովսկի, 1790-1865, Ե․ Գրեբինկա, 1812-1848)։ Նոր ուկրաինական արձակի հիմնադիրը եղավ Գ․ Կվիտկա-Օսնովյանենկոն (1778-1843)։ ՈՒկրաինական գրականության զարգացման նոր փուլն սկսվում է Տարաս Շևչենկոյի (1814-1861) «Կոբզարի» հրատարակությամբ։ Նրա ստեղծագործությունը հսկայական ազդեցություն գործեց համառուսաստանյան ազատագրական շարժման, սլավոնական բոլոր երկրների գրականությունների ու մշակույթների զարգացման վրա։ Ուկրաինական արձակում ռեալիստական գաղափարական-գեղարվեստական ավանդույթները շարունակեց Մարկո Վովչոկը (1833-1907), որը հաստատեց քննադատական ռեալիզմը։ 50-60-ական թվականներին հանդես եկան դեմոկրատական ուղղության գրողներ Լ․ Գլեբովը (1827-1893), Ս․ Ռուդանսկին (1834-1873), Ա․ Սվիդնիցկին (1834-1871), լիբերալ բուրժուական ուղղության գրողներ Պ․ Կուլիշը, Ա․ Կոնիսկին և ուրիշներ[1][2][3][4][5]։
Ուկրաինական առաջադիմական գրականությունը զարգացավ նաև Գալիցիայում, Բուկովինայում, Անդրկարպատներում։ Դեմոկրատական ուղղության բանաստեղծների մեջ այստեղ կարևոր տեղ է գրավում Վ․ Շաշկևիչի (1839- 1885) ստեղծագործությունը։ Նշանավոր դեմոկրատ գրողներից է Յու․ Ֆեդկովիչը (1834-1888)։ 70-80-ական թվականներին գրականություն մուտք են գործում խոշորագույն ռեալիստ գրողներ Ի․ Նեչույ-Լևիցկին (1838-1918), Պանաս Միրնին (1849-1920), Ի․ Կարպենկո-Կարին։ Ուկրաինական ժողովրդի հոգևոր կյանքում և հատկապես նրա գրականության մեջ իր ստեղծագործությամբ մի ամբողջ փուլ նշանավորեց Իվան Ֆրանկոն (1856-1916), որն անմիջականորեն մասնակցեց Գալիցիայի աշխատավորության ազատագրական շարժմանը։ Ռուսական առաջին հեղափոխության ժամանակների հեղափոխական պայքարն արտացոլում գտավ Լեսյա Ուկրաինկայի (1871-1913), Միխայիլ Կոցյուբինսկու (1864-1913) ստեղծագործության մեջ, պրոլետարիատի դասակարգային պայքարի կարևորագույն ըմբռնումը՝ Պ․ Դրաբովսկու (1864-1902) գործերում։ Ավստրո-Հունգարական կայսրությունում Բուկովինայի գյուղացիության աղքատացումն է արտացոլել Օ․ Կոբիլյանսկայան (1863-1942)։ Ուկրաինական նովելը մեծ վարպետության է հասնում Վ․ Ստեֆանիկի (1871-1936), Լ․ Մարտովիչի (1871-1916), Մ․ Չերեմշինայի (1874-1927) ստեղծագործության մեջ։ Աչքի են ընկնում դեմոկրատական ուղղության ռեալիստ գրողներ Ա․ Տեսլենկոյի (1882-1911) և Ա․ Վասիլչենկոյի (1879-1932) ստեղծագործությունները։ Մինչհոկտեմբերյան շրջանի ուկրաինական գրականության ժողովրդականությունն ու ռեալիզմի զարգացման ասպարեզի նվաճումները նրա համար նկատելի տեղ ապահովեցին համաշխարհային գրականության մեջ, նպաստեցին ուկրաինական գրականության զարգացմանը Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո։
Ուկրաինական խորհրդային գրականության կազմավորումն անցնում է ուկրաինական բուրժուական նացիոնալիզմի գաղափարախոսության, զանազան խեղաթյուրումների ու գռեհկացումների դեմ մղված սուր պայքարում։ Ուկրաինական խորհրդային գրականություն են մուտք գործում Պ․ Տիչինան (1891-1967) և Մ․ Ռիլսկին (1895- 1964)։ Քաղաքացիական պատերազմի վերջերին և 20-ական թվականների ընթացքում գրականություն մտան ուրիշ շատ տաղանդավոր գրողներ, որոնց ստեղծագործությունը որոշեց գրականության զաղափարական-թեմատիկ ուղղվածությունը։ Այդ գրողներն են Ա․ Գոլովկոն (1897-1972), Մ․ Իրչանը (1897- 1937), Պ․ Պանչը (1891-1978), Մ․ Բաժանը (1904-1983), Պ․ Ուսենկոն (1902-1975), Օստապ Վիշնյան (1889-1856), Բլակիտնին (1893-1825), Ա, Կոպիլենկոն (1900- 1968), Ցու․ Ցանովսկին (1902-54), Յու․ Սմոլիչը (1900-1976), Ա․ Կոռնեյչուկը (1905-1972), Ի․ Միկիտենկոն (1897-1937), Ն․ Կուլիշը (1892-1942), Ի․ Կոչերգան (1881 - 1952) և ուրիշներ։
Արևմտաուկրաինական երկրամասում, մինչև դրանց վերամիավորումը Խորհրդային Ուկրաինայի հետ, հանդես էին գալիս հեղափոխական գրողներ Վ․ Բոբինսկին (1898-1938), Ս․ Տուդորը (1892-1941), Ա․ Գավրիլյուկը (1911-1941), Յա. Գալանը (1902-1949), Պ․ Կոզլանյուկը (1904-1965) և ուրիշներ։ 1930-ական թվականներին ուկրաինական խորհրդային գրականությունը վերջնականապես հաստատվեց սոցիալիստական ռեալիզմի դիրքերում։ Մինչև 1932 թվականը գոյություն ունեցած բոլոր գրական կազմակերպությունները միավորվեցին ԽՍՀՄ գրողների միասնական միության մեջ։ 1934 թվականին ուկրաինական գրողների առաջին համագումարում ստեղծվեց Ուկրաինայի գրողների միությունը։ Ամրապնդվեց գրողների կապը կյանքի հետ։ Լավագույն երկերում արտացոլվեցին ժամանակի կարևորագույն սոցիալական պրոցեսները, նոր մարդու աճը, սոցիալիստական շինարարությունը։ Աճեց ուկրաինական գրողների նոր սերունդ (Ա․ Մալիշկո (1912-1970), Լ․ Սմիլյանսկի (1904-1966), Կ․ Դորդիենկո (ծն․ 1899), Ս․ Սկլյարենկո (1901-1969), Ա․ Շիյան (ծն, 1906), Լ․ Պերվոմայսկի (1908-1973) և ուրիշներ)։ Այդ տարիներին արդյունավետ էին աշխատում Ուկրաինայում ապրող ռուս գրողներ Ն․ Ուշակովը (1899-1973), Պ․ Բեսպոշչադնին (1895-1968), Լ․ Վիշեսլավսկին (ծն․ 1914) և ուրիշներ։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրողներն ակտիվորեն հանդես էին գալիս ռազմաճակատային ու պարտիզանական մամուլում, ռադիոյով, նրանց խոսքը խորհրդային ժողովրդին կոչում էր պայքարի, սոցիալիստական հայրենիքի պաշտպանության։ Պատերազմի տարիներին զոհվեցին շատ գրողներ, այդ թվում՝ Օ․ Դեսնյակը (1909- 1942), Կ․ Դերասիմենկոն (1907-1942), Յա․ Կաչուրան (1897-1943)։ Ետպատերազմյան տարիները հանդիսացան գրականության զարգացման նոր փուլ։ Խաղաղ աշխատանքի, խաղաղության համար պայքարի, մարդասիրության գաղափարներով են տոգորվում շատ գրողների լավագույն ստեղծագործությունները։ Ուկրաինական խորհրդային գրականությունը դարձավ կոմունիստական կուսակցության հզոր զենքը կոմունիզմի կառուցման համար մղվող պայքարում։ Մասսայական դարձան բոլոր ժանրերի տաղանդավոր շատ ստեղծագործություններ։ Այդպիսի երկերի հեղինակներ են Մ․ Ռիլսկին, Պ․ Տիչինան, Վ․ Սոսյուրան (1898-1965), Մ․ Բաժանը, Ցու․ Ցանովսկին, Ա․ Դովժենկոն (1894- 1956), Ա․ Մալիշկոն, Օ․ Դոնչարը, Մ․ Ստելմախը, Ի․ Վիլդեն, Դ․ Տյուտյուննիկը (1920-1961), Ն․ Ռիբակը (1913-1978), Վ․ Սոբկոն (1919-1970), Վ․ Կուչերը (1911-1967), Յու․ Զբանացկին (ծն․ 1913-1914), Պ․ Վորոնկոն (ծն․ 1913), Պ․ Զագրեբելնին (ծն․ 1924), Վ․ Կոզաչենկոն (ծն․ 1913), Ս․ Օլեյնիկը (1908-1982), Բ․ Օլեյնիկը (ծն․ 1935), Ի․ Դրաչը (ծն․ 1936), Վ․ Կորոտիչը (ծն․ 1936), Դ․ Պավլիչենկոն և շատ ուրիշներ։ ուկրաինական գրողների ստեղծագործությունները թարգմանվեցին բազմաթիվ լեզուներով և դարձան աշխարհի առաջավոր գրականության սեփականությունը։