Ուկրաինայի ապստամբական բանակ (մախնոյականներ)
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի ապստամբական բանակ (ուկրաիներեն՝ Революційна Повстанська Армія України, ռուս.՝ Революционная Повстанческая Армия Украины), հայտնի նաև որպես՝ Մախնոյականներ, Մախնովշչինա, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում հակախորհրդային, անարխիստական, գյուղացիական շարժում Ուկրաինայում, 1918-1921 թթ.-ին, նշանավոր անարխիստ Նեստոր Մախնոյի գլխավորությամբ։ Մախնոյականների սոցիալական հենարանը Ձախափնյա Ուկրաինայի (Եկատերինոսլավի և Խարկովի նահանգներ) գյուղացիությունն էր, սակայն շարժումն ընդգրկել է Դնեստրից մինչև Դոն ընկած տարածքը։ Մախնոյականների մայրաքաղաքը Գուլյայպոլե քաղաքն էր (Եկատերինոսլավի նահանգ)։ Գերմանական օկուպացիայի շրջանում և սպիտակգվարդիականների օրոք, մախնոյականներին հարեցին նաև գյուղացիների լայն խավեր։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Խորհրդային իշխանության դեմ պայքարում մախնոյականները հիմնականում հենվում էին գյուղի ունևորների, իսկ 1921 թ.-ից՝ բացառապես կուլակության վրա, հանդես էին գալիս «անիշխանական պետություն» և «ազատ սովետներ» լոզունգներով։ 1918 թ.-ի վերջին–1919 թ.-ի սկզբին մախնոյականները կռվեցին ավստրո–գերմանական, ապա՝ պետլյուրական զորքերի դեմ։ 1919 թ.-ի փետրվարին նրանք մտան խորհրդային 2-րդ ուկրաինական, ապա 13-րդ բանակների կազմի մեջ, մարտ–մայիսին կռվեցին Դենիկինի զորքերի դեմ։ Սակայն նրանք սաբոտաժի էին ենթարկում խորհրդային հրամանատարության հրամանները, հեռացնում կոմիսարներին։
1919 թ.-ի մայիսի վերջին Դենիկինի զորքերը պարտության մատնեցին մախնոյականներին։ Մախնոն հրաժարվեց ենթարկվել կարմիր բանակի հրամանատարությանը, ինքնակամ հեռացավ ռազմաճակատից ու բացահայտ պայքար սկսեց խորհրդային իշխանության դեմ։ 1920 թ.-ի գարնանն ու ամռանը, նայած իրադրությանը, մախնոյականները կռվում էին մերթ սպիտակգվարդիականների, մերթ կարմիր բանակի դեմ։
1920 թ.-ի նոյեմբերին Միխայիլ Ֆրունզեի հրամանով սկսվեց Մախնոյականների լիկվիդացիան։ 1921 թ.-ի օգոստոսին Մախնոն, խույս տալով հետապնդումից, մի քանի տասնյակ ձիավորներով անցավ Դնեպրը և հանձնվեց ռումինական իշխանություններին։