Չորս կայսրերի տարի
From Wikipedia, the free encyclopedia
Չորս կայսրերի տարի, պատմագիտության մեջ կիրառվող եզր, որը կապված է Հռոմեական կայսրությունում մեր թվարկության 69 թվականին տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետ։ Մասնավորապես այդ տարին նշանավորվում է նրանով, որ կայսերական Հռոմում հաջորդաբար կառավարում են չորս կայսրեր՝ Գալբան, Օտոնը, Վիտելլիոսը և Վեսպասիանոսը[1]։ Ներոն կայսեր սպանությունից հետո Հռոմում ստեղծվում է անորոշ քաղաքական իրադրություն, որի պայմաններում գահն անցնում է ազդեցիկ պատրիկ Գալբային, որը Հիսպանիայի ապստամբությունից հետո մեծ ժողովրդականություն էր վայելում կայսրությունում։ Սակայն, մի քանի ամիս կառավարելուց հետո Գալբան սպանվում է՝ դառնալով զինվորական դավադրության զոհ։ Հաջորդիվ գահն անցնում է դավադրության կազմակերպիչ Օտոնին, որը ևս սակայն չի կարողանում երկար կառավարել։ 69 թվականի ապրիլի 14-ին Բետրիակի ճակատամարտում Օտոնի զորքերը ջախջախվում են գահի մեկ այլ հավակնորդ՝ Վիտելլիոսի բանակի կողմից, իսկ վերջինս նախապես իմանալով այդ պարտության մասին ինքնասպան է լինում։ Արդյունքում՝ 69 թվականի ապրիլի 14-ին կայսերական գահն անցնում է Վիտելլիոսին, որն իր կառավարման կարճ ժամանակահատվածում կարողանում է աչքի ընկել իր նախնիններից շատ ավելի դաժան կեցվածքով և ընչաքաղցությամբ։ Վեիտելլիոսն արժանանում է միևնույն ճակատագրին, ինչ որ Օտոնը։ Վերջինիս իշխանությունը ևս լեգիտիմ չէր Հռոմեական կայսրությունում, որն էլ լավ առիթ էր գահի հավակնորդ Վեսպասիանոս Տիտոս Փլավիոսի համար։ Նույն տարում Ալեքսանդրիայում Վեսպասիանոսն ինքն իրեն հռչակում է Հռոմի կայսր։ Նրա կողմից էին Ասորիքի, Հուդայի և արևելյան մի քանի այլ պրովինցիաներում գտնվող լեգեոնները։ Անտոնիոս Պրիմոսի գլխավորությամբ նրանք շարժվում են դեպի Հռոմ, գրավում են այն և սպանում գործող կայսր Վիտելիոսին։ Այսպիսով՝ չորս կայսրերի տարին ավարտվում է Վեսպասիանոս կայսեր թագադրմամբ։ Վերջինս իր հերթին Հռոմում սկիզբ է դնում նոր արքայատոհմի՝ Փլավիոսների ժառանգական իշխանությանը։
Կայսրերի շարունակական փոփոխություններն իրենց հետևանքներն են ունենում երկրի սոցիալ-քաղաքական և ռազմական կյանքի վրա։ Ներոնի մահից հետո բռնկված քաղաքացիական պատերազմն ու զանգվածային անհնազանդություններն ընդունում են ավելի մեծ ծավալներ, կայսրության տարբեր հատվածներում բռնկվում են անջատողական ապստամբություններ, որի պայմաններում առաջանում էր ռազմական կենտրոնացվածության խնդիր։ Թերևս, այս շրջանի գլխավոր հետևանքը կարելի է համարել բատավյան ապստամբությունը, որը դժվարությամբ ճնշվում է հռոմեական լեգենոնների կողմից։