Պրենատալ զարգացում
From Wikipedia, the free encyclopedia
Հղիության ընթացքը բաժանվում է երեք ժամանակահատվածի, յուրաքանչյուրը երեք ամիս տևողությամբ, որը կոչվում է եռամսյակ։ Պտղի ներարգանդային զարգացումը ընդունված է բաժանել երկու շրջանի՝ սաղմնային (էմբրիոնային) և պտղային (ֆետալ)։ Սաղմնային շրջանը սկսվում է պտղաձվի բեղմնավորումով և ավարտվում է հղիության 8-րդ շաբաթում, կամ 10-րդ մանկաբարձական շաբաթում՝ հաշված վերջին դաշտանի օրից։ Էմբրիոգենեզի ընթացքում տեղի է ունենում պտղաձվի բեղմնավորում, սաղմի բաժանում, իմպլանտացիա, գաստրուլյացիա՝ սաղմնային թերթիկների առաջացում, օրգանոգենեզ, պլացենտացիա։ Այդ իսկ պատճառով էմբրիոգենեզը և հղիության առաջին եռամսյակը համարվում են շատ կարևոր, քանի որ ձևավորվում են ապագա երեխայի կյանքի համար անհրաժեշտ կարևոր օրգան համակարգերը։
Համաձայն Նեգալեի կանոնի, որն օգտագործում են ծննդաբերության ենթադրյալ ժամկետը որոշելում համար, հղիությունը մարդու մոտ տևում է մոտավորապես 40 շաբաթ կամ 280 օրացույցային օր հաշված վերջին դաշտանի առաջին օրից( դաշտանային ցիկլի սկիզբ)[1][2]։ Նորածինը, որը ծնվել է մինչև հղիության 37 շաբաթը համարվում է անհաս, մինչդեռ 43 շաբաթ ժամկետից հետո ծնված նորածինը համարվում է գերհաս[3][4]։