Սյուզան Բ․ Էնթոնի
ամերիկյան ակտիվիստ, սոցիալական բարեփոխիչ և կանանց քաղաքացիական իրավունքների պաշտպան / From Wikipedia, the free encyclopedia
Սյուզան Բրովնել Էնթոնի (անգլ.՝ Susan Brownell Anthony, փետրվարի 15, 1820(1820-02-15)[1][2][3], Adams, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - մարտի 13, 1906(1906-03-13)[1][2][3], Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան ակտիվիստ, սոցիալական բարեփոխիչ և կանանց քաղաքացիական իրավունքների պաշտպան, 19-րդ դարի ԱՄՆ սուֆրաժիստական շարժման առանցքային դերակատարներից մեկը։ Պայքարել է սոցիալական հավասարության համար և ստրկության դեմ։
Սյուզան Բ․ Էնթոնի անգլ.՝ Susan Brownell Anthony | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1820(1820-02-15)[1][2][3] |
Ծննդավայր | Adams, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 13, 1906(1906-03-13)[1][2][3] (86 տարեկան) |
Մահվան վայր | Ռոչեստեր, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Փարիզ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կանանց իրավունքների պաշտպան, իրավապաշտպան, աբոլիցիոնիստ, գրող, իրավապահ, ֆեմինիստ և սուֆրաժիստ |
Ծնողներ | հայր՝ Daniel Anthony?[4], մայր՝ Lucy Read?[4] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ամերիկյան հեղափոխության դստրեր |
Ստորագրություն | |
Susan B. Anthony Վիքիպահեստում |
1851 թվականին Էլիզաբեթ Քեդի Սթենթոնի հետ ծանոթությամբ նա ձեռք բերեց սոցիալական բարեփոխումների և հիմնականում կանանց իրավունքների ոլորտում հավատարիմ և նվիրված գործընկեր։ Նրանք 1852 թվականին հիմնադրեցին Չափավորության Նյու Յորքի կանանց միություն, այն բանից հետո, երբ նրան արգելեցին ելույթ ունենալ չափավորությանը նվիրված կոնֆերանսում, քանի որ նա կին էր։ 1863 թվականին նրանք ստեղծեցին կանանց առաջին ազգային քաղաքական կազմակերպությունը Միացյալ Նահանգներում՝ Օրինապահ կանանց ազգային լիգան (անգլ.՝ Women's Loyal National League), որը մինչ այդ պահն Միացյալ Նահանգների պատմության մեջ անցկացրած ամենամեծ ստորագրահավաքը կազմակերպեց՝ հավաքելով շուրջ 400,000 ստորագրություն ստրկության վերացմանն աջակցելու պետիցիայի տակ։ 1866 թվականին նրանք ստեղծեցին Հավասար իրավունքների ամերիկյան ասոցիացիա, որը քարոզարշավ կազմակերպեց ինչպես կանանց, այնպես էլ աֆրոամերիկացիների հավասար իրավունքների համար։ 1868 թվականին նրանք թողարկեցին կանանց իրավունքների մասին Հեղափոխություն թերթը։ 1869 թվականին հիմնեցին Կանանց ընտրական իրավունքների ազգային ասոցիացիա, ի հակակշիռ կանանց ընտրական իրավունքների հարցում Կանանց ընտրական իրավունքների ամերիկյան ասոցիացիայի պառակտմանը։ Տեսակետների բաժանումը պաշտոնապես վերացավ 1890 թվականին, երբ այդ կազմակերպությունները միավորվեցին, որպեսզի ձևավորեն Կանանց ընտրական իրավունքների ամերիկյան ազգային ասոցիացիա Էնթոնիի հետ, որը առանցքային ուժ էր ներկայացնում։ 1876 թվականին Էնթոնին և Սթենթոնը սկսեցին Մաթիլդա Ջոսլին Գեյջի հետ համագործակցել, ինչը վերաճեց Կանանց ընտրական իրավունքի պատմություն վեցհատորյակ գրքի ստեղծմանը։ Հետագա տարիներին Էնթոնիի և Սթենթոնի հետաքրքրությունները որոշ չափով հեռացան, բայց նրանք շարունակեցին մտերիմ ընկերուհիներ մնալ։
1872 թվականին Էնթոնին Նյու Յորք նահանգի իր հայրենի Ռոչեստեր քաղաքում քվեարկությանը մասնակցելու համար ձերբակալվեց և դատապարտվեց «լայն հնչեղություն ստացած հանցափորձի» համար։ Նա հրաժարվեց տուգանք վճարել, իսկ իշխանությունները դադարեցրին նրա նկատմամբ հետագա գործողություններ ձեռնարկել։ 1878 թվականին Էնթոնին և Սթենթոնը որոշեցին, որ պետք է Կոնգրես ներկայացնել առաջարկ՝ Սահմանադրության մեջ կանանց ձայնի իրավունք տալու փոփոխություն մտցնելու վերաբերյալ։ Այն ներկայացրեց Կալիֆորնիայի սենատոր Ահարոն Ա․ Սարջենթոնը։ Հետագայում այդ առաջարկը խոսակցականում ստացավ «Սյուզան Բ․ Էնթոնիի փոփոխություն» անունը։ 1920 թվականին այն էլ ի վերջո վավերացվեց որպես ԱՄՆ Սահմանադրության 19-րդ փոփոխություն։
Էնթոնին շատ է ճանապարհորդել աջակցելով կանանց ընտրական իրավունքներին, տարեկան 75-100 ելույթներ ունենալով և տարբեր պետական նախաձեռնություններին մասնակցելով։ Նա միջազգային հարթակներում է աշխատել ի պաշտպանություն կանանց իրավունքների, առանցքային դերակատարում է ունեցել Կանանց միջազգային միության ստեղծման գործում, որը գործում է առ այսօր։ Նա նաև օգնել է կազմակերպել Ազդեցիկ կանանց համաշխարհային կոնգրեսը 1893 թվականին Չիկագոյում կայացած Համաշխարհային Կոլումբոսյան ցուցահանդեսի ժամանակ։
Երբ Էնթոնին առաջին անգամ կանանց իրավունքների քարոզարշավ էր անցկացնում, նրան դաժանորեն ծաղրում էին և մեղադրում ամուսնության ինստիտուտը ոչնչացնելու փորձ կատարելու մեջ։ Սակայն, արդեն նրա կյանքի ընթացքում հասարակական ընկալումը նրա նկատմամբ արմատապես փոխվեց։ Նրա 80-ամյակը նշվեց Սպիտակ տանը նախագահ Ուիլյամ Մաք Քինլիի հրավերով։ Նա դարձավ առաջին կին քաղաքացին, որը պատկերվեց ամերիկյան մետաղադրամի վրա, երբ նրա դիմանկարը հայտնվեց 1979 թվականին 1 դոլար արժողությամբ մետաղադրամի վրա, որը թողարկվեց 1979-1981 թվականներին և 1999 թվականին։