Վալհալլա
From Wikipedia, the free encyclopedia
Վալհալլա (հին սկանդինավյան լեզվով՝ Valhöll — «մահացածների սրահ»[1], «սպանվածների սրահ»[2][3], «սպանվածների պալատ»[4]), գերմանա-սկանդինավյան դիցաբանության մեջ երկնային պալատ Ասգարդում, որտեղ պատերազմի նահատակներն ընկնում են մահից հետո և որտեղ շարունակում են իրենց նախկին հերոսական կյանքը։
Օդինը բազմելով Հլիդսկյալֆում՝ ղեկավարում է Վալհալլան։ Նա վերցնում է մարտի դաշտում ընկած զինվորների մի մասին, իսկ վալկիրիաները հասցնում են նրանց պալատ։ Նահատակների մյուս կեսն ուղարկվում է Ֆոլկվանգ՝ (Fólkvangr — «Մարդկանց դաշտ») Ֆրեյա աստվածուհու մոտ։
Առասպելը պատմում է, որ Վալհալլան իրենից ներկայացնում է սրերի եզրին կախված վահաններով մի հսկա դահլիճ[4]։ Այդ դահլիճն ունի 540 դուռ և, վերջին մարտի՝ Ռագնարյոկի ժամանակ, Հեյմդալ աստծո կանչով ամեն դռնից դուրս կգան 800 զինվորներ։ Վալհալլայում ապրող զինվորներին կոչում են Էյնհերիներ։ Ամեն առավոտ նրանք զրահավորվում են և մարտնչում մինչ մահ, իսկ հետո հարություն են առնում, նստում են ընդհանուր սեղանի մոտ ու խրախճանք անում վալկիրիաների շրջապատում։ Նրանք ուտում են Սեհրիմնիր վարազի միսը, որին նրանք սպանում են ամեն օր, և որն ամեն օր հարություն է առնում։ էյնհերիները խմում են մեղր, որը կթում են Հեյդրութ այծից. վերջինս կանգնած է Վալհալլայում և ծամում է Իգգդրասիլ Տիեզերեկան Ծառի տերևները։ Կրակի փոխարեն Վալհալլան լուսավորում է սրերի փայլը[5]։
Գերմանա-սկանդինավյան դիցաբանության և պատմության մասին երգերի հին իսլանդերենով գրված Ավագ Էդդա ժողովածուի Գրիմնիրի խոսքը երգում կան Վալհալլային նվիրված տողեր[6]։
Յուպիտեր մոլորակի Կալիստո արբանյակի վրա շրջան է անվանակոչվել Վալհալլայի պատվին[7][8]։