Վարդակակաչի մոլուցք
From Wikipedia, the free encyclopedia
Վարդակակաչի մոլուցք (հոլ.՝ tulpenmanie, ինչպես նաև tulpomanie, tulpenwoede, tulpengekte, bollengekte, bollenrazernij), բորսային կարճաժամկետ իրարանցում, որը բռնկվել է վարդակակաչի սոխուկների պահանջարկից՝ 1636-1637 թվականին Նիդերլանդներում։ Վարդակակաչի հազվագյուտ տեսակների՝ հատկապես բազմագույն-ծաղկաթերթային, գները դեռևս 1620-ական թվականներին հասան հազարավոր գուլդենների մեկ սոխուկի համար։ Սակայն, մինչև 1630-ական թվականների կեսերը, այդպիսի սոխուկները վերավաճառվում էին ծաղկավաճառների և հարուստ գիտակների նեղ շրջանակում։ 1636 թվականի ամռանը վարդակակաչների եկամտաբեր ֆյուչերսային վաճառքին միացան նաև ոչ պրոֆեսիոնալ սպեկուլյանտները։ Կես տարում հազվագյուտ տեսակի վարդակակաչների սոխուկների գները կտրուկ աճեցին, իսկ 1636 թվականի նոյեմբերին սկսվեց նաև սովորական, բոլորին հասանելի տեսակի վարդակակաչների գների աճը։ 1637 թվականի փետրվարին այդ «շիկացած» շուկան փլվեց, սկսվեցին գնորդների և վաճառողների միջև երկարամյա դատավեճերը։ Վարդակակաչի մոլուցքի մասնակիցների շրջանում սկսվեց անվստահություն։ Այսօրվա բարոյախոսները վարդակակաչի մոլուցքն անվանել են ընչաքաղցության չարդարացված դրսևորում։
Երկիր | Միացյալ պրովինցիաների հանրապետություն | |
---|---|---|
Սկսած | 1634 | |
Ավարտված | 5 փետրվարի 1637 | |
Ժամանակաշրջան | Նիդերլանդական ոսկեդար |
Արդեն իսկ 1650-ական թվականներին վարդակակաչի սպեկուլյացիաների կամայականություններն առասպել համարվեցին՝ պատմության հետ ընդհանրություններ սակավ ունեցող։ Յոհան Բեքմանը վարդակակաչի մոլուցքը որակել է որպես «ժամանակակից պատմության տնտեսական պղպջակ»։ Չարլզ Մաքեյի՝ 1841 թվականին գրված «Ամբոխի ամենատարածված մոլորություններն ու խելագարությունը» աշխատանքում վարդակակաչի մոլուցքը որակվել է որպես լայնամասշտաբ տնտեսական ճգնաժամ, որը երկար ժամանակ քայքայել է Նիդերլանդների տնտեսությունը։ 21-րդ դարի պատմաբաններն ու տնտեսագետները այդ տեսակետը հակադարձել են, նշելով, որ վարդակակաչի մոլուցքը չի դանդաղեցրել Նիդերլանդների տնտեսական աճը։ Գիտության մեջ տարատեսակ կարծիքներ կան այս երևույթի մասին, սակայն աղբյուրների սակավության և վկայությունների քիչ լինելու պարագայով պայմանավորված, իրական պատճառները հնարավոր չէ լիովին վերականգնել։ Հետազոտողները միայն համաձայնվում են, որ 1636-1637 թվականների ձմռանը Հոլանդիայում ինչ-որ արտակարգ, պատմության մեջ նմանը չունեցող երևույթ է պատահել[2]։