Վարյա Ադորատսկայայի դիմանկար
From Wikipedia, the free encyclopedia
«Վարյա Ադորատսկայայի դիմանկար» (ռուս.՝ «Портрет Вари Адоратской»), ռուս նկարիչ Նիկոլայ Ֆեշինի նկարը։ Ստեղծվել է 1914 թվականի գարնանը Կազանում՝ նկարչի աշակերտուհու՝ Նադեժդա Սապոժնիկովայի արվեստանոցում[1]։ Նկարը ներառված է Կազանի Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարանի հավաքածուում[2] և ցուցադրվում է «Խազինե» ազգային գեղարվեստական պատկերասրահի Նիկոլայ Ֆեշինի սրահում մշտական հիմունքներով[3]։ Արվեստաբան Ա. Կուզնեցովը մոսկովյան «Արտ Դիվաժ» պատկերասրահում նկարի ցուցադրությանը նվիրված հոդվածում կտավն անվանել է ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային արվեստի մանկական ամենափայլուն դիմանկարներից մեկը[4]։
Վարյա Ադորատսկայայի դիմանկար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Նիկոլայ Ֆեշին |
տարի | 1914 |
բարձրություն | 135 սանտիմետր |
լայնություն | 145 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
գտնվում է | Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարան |
հավաքածու | Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարան |
Ծանոթագրություններ | |
Portrait of Varya Adoratskaya Վիքիպահեստում |
Ըստ արվեստագիտության թեկնածու Գ. Տուլուզակովայի կարծիքով՝ նկարն առնչվում է նկարչի ստեղծագործության ամենանշանակալի շրջանին՝ 1914-1918 թվականներին։ Այդ ժամանակ դիմանկար կտավի համար ինտերիեր ընտրելիս Ֆեշինը փորձել է ստեղծել ընդհանրական, բազմաչափ կերպար, որն իր մեջ սինթեզում էր բնորդի հոգեբանական բնութագիրը և նկարում պատկերված այդ պահի տրամադրությունն ու վիճակը[5]։ «Վարյա Ադորատսկայայի դիմանկարը» Տուլուզակովան անվանել է «Ֆեշինի արվեստում մանկության կերպարի առավել լիարժեք և ամբողջական ձևը»։ Նրա կարծիքով՝ նկարը նկարչի ամենաներդաշնական ստեղծագործություններից է, պարզ և՛ մտքով, և՛ կառուցվածքով, նկարչի ռուսական շրջանի այցեքարտը[6][7]։