Վերածննդի դարաշրջանի իտալական կերպարվեստ
From Wikipedia, the free encyclopedia
Վերածննդի դարաշրջանի իտալական կերպարվեստը տարածված է եղել քաղաք-պետություններից կազմված ներկայիս Իտալիայի թերակղզում 13-րդ դարի վերջից մինչև 16-րդ դարի վերջերը։ Վերածննդի իտալիացի նկարիչները, չնայած` հաճախ ստեղծագործում էին որոշակի քաղաքներում, այնուամենայնիվ, շրջում էին ամբողջ Իտալիայով, հաճախ ունենալով դիվանագիտական կարգավիճակ՝ շրջելով քաղաքներով, տարածում էին գեղարվեստական և փիլիսոփայական գաղափարներ[1]։
Տոսկանայի Ֆլորենցիա քաղաքը հայտնի է որպես Վերածննդի դարաշրջանի և, մասնավորապես, Վերածննդի կերպարնեստի ծննդավայր, չնայած, որ հետագայում Հռոմն ու Վենետիկը կարևոր դեր ստանձնեցին կերպարվեստի զարգացման մեջ։
Վերածննդի դարաշրջանի իտալական կերպարվեստը հաճախ բաժանվում է չորս ժամանակաշրջանի՝ Պրոտո-Վերածննդի (1300-1425), Վաղ Վերածննդի (1425-1495), Բարձր Վերածննդի (1495-1520) և Մաներիզմի (1520-1600)։ Այս ժամանակաշրջանների թվականները ներկայացնում են իտալական կերպարվեստի ընդհանուր միտումները և չեն ներառում բոլոր նկարիչներին, քանի որ որոշ նկարիչների կյանքը և նրանց անհատական ոճերը համընկել են այդ ժամանակաշրջանների հետ։
Պրոտո-Վերածնունդը սկսվում է գեղանկարիչ Ջոտտոյի նկարներով և ներառում է Թադեո Գադդիի, Օրկանյայի ու Ալթիկիերոյի գործերը։ Վաղ Վերածննդի ոճը սկսվել է Մազաչչոյի միջոցով, այնուհետև հետագայում այն մշակել են Անջելիկոն, Պաոլո Ուչելլոն, Պիեռո դելլա Ֆրանչեսկան, Սանդրո Բոտիչելլին, Անդրեա դել Վերոկկիոն, Դոմենիկո Գիրլանդայոն և Ջովաննի Բելլինին։ Բարձր Վերածննդի շրջանը սկսվել է Լեոնարդո դա Վինչիի, Միքելանջելոյի, Ռաֆայելի, Անդրեա դել Սարտոյի, Կոռեջոյի, Ջորջոնեի ստեղծագործություններով, ինչպես նաև ընդգրկում է Ջովաննի Բելլինիի և Տիցիանի վերջին գործերը։