Վրաստանի հուշադրամներ
դրամագիտական և հավաքորդական նշանակության մետաղադրամներ / From Wikipedia, the free encyclopedia
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Վրաստանի Ազգային բանկի կողմից՝ սկսած 1995 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք ունեն հավաքորդական կամ ներդրումային նշանակություն և կարող են չհանդիսանալ օրինական վճարամիջոց[ն 1][ն 2]:
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (900, 920, 999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր, նոյզիլբեր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 10, 20, 25, 50, 100, 300, 500 և 1000 վրացական լարի () անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 1, 2, 3, 5, 10 և 20 լարի, մելքիորից՝ 10 լարի, նոյզիլբերից՝ 2 և 3 լարի, իսկ երկմետաղ դրամները՝ 10 լարի։ Մետաղադրամները հատվել են BU, special UNC և proof որակներով։
Վրաստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամն է «Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 50-ամյակ» մետաղադրամը։ Ամենափոքր և ամենամեծ մետաղադրամները 10 և 1000 լարի անվանական արժեքներով «Ոսկե գեղմ» ներդրումային ոսկե դրամներն են՝ համապատասխանաբար 3.11 գ և 311.0 գ քաշերով։
Վրաստանում պետական դրամահատարանի բացակայության պայմաններում Վրաստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամներն ու ներդրումային դրամները հատվում են արտերկրում։ Վրաստանի Ազգային բանկը համագործակցել է հետևյալ դրամահատարանների հետ՝
- Ավստրիայի դրամահատարան,
- Իսպանիայի արքայական դրամահատարան,
- Լեհաստանի դրամահատարան,
- Լիտվայի դրամահատարան,
- Ճապոնիայի դրամահատարան,
- Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարան,
- Նիդերլանդների արքայական դրամահատարան,
- Ֆինլանդիայի դրամահատարան,
- Փարիզի դրամահատարան:
Վրաստանի հուշադրամների էսքիզների հեղինակներն են գլխավորապես վրացի նկարիչ-դիզայներները՝ Մամուկա Գոնգաձե, Էմիր Բուրջանաձե, Թինաթին Տևզաձե, Վիքտորիա Քութաթելաձե, Նինո Գոնգաձե, Իրակլի Փաղավա, Բաչանա Մալազոնիա, Նոդար Մալազոնիա, Թեմուր Ափխաձե, ինչպես նաև՝ լեհ նկարիչ-դիզայներ Ռոբերտ Կոտովիչը։