Տիտանիկի խորտակում
From Wikipedia, the free encyclopedia
Տիտանիկ շոգենավի խորտակում, ծովային աղետ, որը տեղի է ունեցել 1912 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային լայնություններում, Նյուֆաունդլենդ կղզուց ավելի քան 600 կմ դեպի հարավ-արևելք։ Ողբերգությունը տեղի ունեցավ «Տիտանիկի»` Սաութեմփթոն-Նյու-Յորք Տրանսատլանտյան երթուղին սկսելու չորրորդ օրվա վերջում։ Ապրիլի 14-ին, ժամը 23:40, այդ պահի դրությամբ ամենամեծ օվկիանոսային նավը, իր առաջին երթուղու ընթացքում, 2224 ուղևորով, բախվեց այսբերգին` ստանալով նավի իրանի լուրջ վնասվածքներ։ 2 ժամ 40 րոպե անց՝ ապրիլի 15-ին, ժամը 2:20 ամբողջովին ջրի տակ անցավ։ Աղետը, տարբեր տվյալներով, 1495-1635 մարդկային կյանքեր խլեց։ Մինչև 1987 թվականի դեկտեմբերը, երբ կործանվեց ֆիլիպինյան «Դոնյա Պաս» լաստանավը, «Տիտանիկի» կործանումը մարդկային զոհերի թվով ծովային խոշորագույն աղետն էր խաղաղ պայմաններում։
Տիտանիկի խորտակում | |
---|---|
Տեսակ | նավաբեկում |
Վայր | Ատլանտյան օվկիանոսի հյուսիս |
Տեղադրանք | Հյուսիսային Ատլանտիկա |
Տարեթիվ | ապրիլ 1912 |
Ժամանակի սկիզբ | ապրիլի 14, 1912 |
Ժամանակի վերջ | ապրիլի 15, 1912 |
Զոհվածներ | 1496[1] |
Պատճառ | բախում այսբերգին |
Sinking of the RMS Titanic Վիքիպահեստում |
Ապրիլի 14-ին «Տիտանիկը» 7 սառցային նախազգուշացում ստացավ Ատլանտիկայով անցնող տարբեր նավերից, սակայն, չնայած դրան, նավը շարունակում էր ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ։ Երբ հենց շարժման ուղղությամբ նկատվեց սառցալեռը, «Տիտանիկին» այլևս չհաջողվեց արագ փոխել ուղղությունը։ Նավի աջ կողը բախվեց այսբերգի ստորջրյա հատվածին։ Նավը մի քանի վնասվածք ստացավ ջրագծից ներքև։ Ընդհանուր առմամբ, այսբերգի ստորջրյա հատվածը մոտ 90 մետր երկարությամբ քերել էր նավի կորպուսը։ «Տիտանիկի» նավամբարը բաժանվում էր 16 մեկուսամասերի, բախման հետևանքով առաջնային 5 մեկուսամասերը լուրջ վնասվածքներ էին ստացել։ Նավն սկսեց դանդաղ ջրի տակ անցնել։
Կեսգիշերից հետո նավի կապիտան Էդվարդ Սմիթը հրամայեց սկսել տարհանումը, ռադիոեթերով տագնապ ահազանգել և տագնապ ազդարարող հրթիռներ արձակել՝ մոտակայքով անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար։ Տարհանումը վատ էր կազմակերպված, նավի անձնակազմը պատրաստ չէր արտակարգ իրավիճակների։ Փրկամակույկները ջուրն էին իջեցվում կիսադատարկ, չնայած նրանցում գտնվող տեղերը նավի ուղևորների հազիվ կեսին կբավականացնեին։
Խորտակվող լայներից փրկվեց 729 ուղևոր և անձնակազմի անդամ։ Մարդկանց հիմնական մասը զոհվեց սառցակալումից, քանի որ ջրի ջերմաստիճանը −2°С էր։ «Տիտանիկի» ամբողջովին սուզվելուց մեկուկես ժամ հետո ողբերգության վայր հասավ «Կարպատիա» շոգենավը և հավաքեց փրկամակույկներով փրկվածներին։
Աղետը հասարակական լայն արձագանք ստացավ։ Նավի կործանումից երկու տարի անց՝ 1914 թվականին, ընդունվեց ծովում մարդկային կյանքի պահպանման Միջազգային կոնվենցիան։