Ցնորածին սնկեր
From Wikipedia, the free encyclopedia
Ցնորածին սնկեր (հալյուցինոգեն, հոգեծին, «մոգական», «կախարդական» սնկեր, անգլ.՝ psilocybin, psychedelic mushrooms, magic mushrooms, shrooms), սնկի այն տեսակները, որոնց պտղամարմինը պարունակում է ցնորածին (փսիխոդելիկ) նյութեր։ Այդպիսի սնկերի գործածումն ազդում է գիտակցության վրա և առաջ է բերում անհանգիստ վիճակ, որն անվանում են ցնորածին փորձառություն կամ «ուղևորություն»։ Հնագույն ժամանակներում ցնորածին սնկերը մարդկանց կողմից օգտագործվում էին կրոնական արարողությունների ժամանակ, ինչպես նաև որպես հոգեխթանիչներ՝ ոչ մեծ չափաբաժիններով։ Որոշ աղբյուրների համաձայն՝ ցնորածին սնկերի կանոնավոր անվերահսկելի գործածումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ ինչպես հոգեկան աշխարհի, այնպես էլ ֆիզիոլոգիական առողջության համար[1]։ Այլ ուսումնասիրությունների համաձայն՝ ցնորածին սնկերի գործածման և հոգեկան առողջության միջև որևէ կապ գոյություն չունի[2]։