Փարիզի համաձայնագիր (2015)
From Wikipedia, the free encyclopedia
Փարիզի համաձայնագիր (ֆր.՝ Accord de Paris sur le climat), միջազգային փաստաթուղթ, որն ընդունվել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 2015 թվականի դեկտեմբերին` ի հավելումն ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիային։ Այն նպատակ ուներ մինչև 2020 թվականը կրճատել կամ կայունացնել ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ։ Համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Փարիզի համաձայնագիր | |
---|---|
Պայմանագրի տիպ | միջազգային համաձայնագիր |
Պատրաստվել է | նոյեմբերի 30 – դեկտեմբերի 12, 2015 |
Ստորագրվել է — վայր |
դեկտեմբերի 22, 2016 Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ |
Ուժի մեջ է մտել | նոյեմբերի 4, 2016 |
Ստորագրել են | Վավերացված է 96 պետությունների կողմից |
Կողմեր | 100 |
Պահվում է | ՄԱԿ-ի քարտուղար |
Լեզուներ | անգլերեն, արաբերեն, իսպաներեն. չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն |
Փարիզյան համաձայնագիրը վավերացվել է Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ 96 պետությունների (այդ թվում և Հայաստանի) կողմից։ Համաձայնագիրը փոխարինել է 1997 թվականի դեկտեմբերին Ճապոնիայում կնքված Կիոտոյի արձանագրությանը։
Գլխավոր ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ «պատվախնդիր և հաշվեկշռված» ծրագիրը դարձել է «պատմական շրջադարձային կետ» գլոբալ տաքացման հավանականության տոկոսայի հարաբերակցության իջեցման ճանապարհին։ Ըստ երկրորդ հոդվածի՝ կնքված համաձայնագիրը պետք է արագացնի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջադարձային կոնվենցիայի նախաձեռնությամբ իրականացվող գործողությունները, մասնավորապես, գլոբալ միջին ջերմաստիճանային աճը պետք է պահել «շատ ցածր»՝ 2 °C և ջանքեր ներդնել, որպեսզի այս ցուցանիշը հասնի 1.5 °C-ի։
Բոլոր Կողմերը, նկատի առնելով իրենց ընդհանուր, սակայն տարբերակված պատասխանատվությունը և ազգային կամ տարածաշրջանային զարգացման իրենց որոշակի առաջնայնությունները, նպատակներն ու պայմանները օժանդակություն են ցուցաբերում և համագործակցում են Մոնրեալի արձանագրությամբ չկարգավորվող ջերմոցային գազերի մարդածին արտանետումների սահմանափակմանը, նվազեցմանը կամ դադարեցմանը բերող տեխնոլոգիաների, մեթոդների և գործընթացների մշակման, կիրառման, տարածման, այդ թվում` փոխանցման գործում` համապատասխան բոլոր ոլորտներում` ներառյալ էներգետիկան, տրանսպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, անտառտնտեսությունը և թափոնների հեռացումը։ Համաձայնագրի բնօրինակը, որի արաբերեն, չինարեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։