Քեթրին Յորք
From Wikipedia, the free encyclopedia
Քեթրին Յորք (անգլ.՝ Catherine of York), նաև՝ Քեթրին Պլանտագենետ (անգլ.՝ Catherine Plantagenet[2]; օգոստոսի 14, 1479, Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա - նոյեմբերի 15, 1527, Tiverton, Դևոն, Դևոն, Անգլիա)՝ անգլիական արքայադուստր Յորքերի տնից։
Քեթրին Յորք | |
Մասնագիտություն՝ | ազնվական |
---|---|
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | օգոստոսի 14, 1479 |
Ծննդավայր | Գրինվիչ, Մեծ Լոնդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա |
Վախճանի օր | նոյեմբերի 15, 1527 (48 տարեկան) |
Վախճանի վայր | Tiverton, Դևոն, Դևոն, Անգլիա |
Թաղված | Դևոն |
Դինաստիա | Յորքեր |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Հայր | Էդուարդ IV |
Մայր | Էլիզաբեթ Վուդվիլ |
Ամուսին | մոտ William Courtenay, 1st Earl of Devon? |
Զավակներ | Margaret Courtenay, Baroness Herbert?[1], Henry Courtenay, 1st Marquess of Exeter? և Edward Courtenay?[1] |
Անգլիայի թագավոր Էդուարդ IV-ի և Էլիզաբեթ Վուդվիլի վեցերորդ դուստրը։ Ամուսնության մեջ՝ կոմսուհի Դևոն։
Շուտով հոր մահից և Ռիչարդ III-ի կողմից գահը բռնազավթելուց հետո, Քեթրինը, ով չորս տարեկան էլ չկար, Էլիզաբեթ Վուդվիլի և Էդուարդ IV-ի մյուս երեխաների թվում, հայտարարվեց ապօրինածին։ Աղջկա մայրը, վախենալով իր երեխաների կյանքի համար, նրանց տեղափոխեց Վեստմինստերյան աբբայություն, որտեղ հանգուցյալ թագավորի ընտանիքը ապաստան ստացավ և մոտ մեկ տարի անցկացրեց այստեղ։ Ավելի ուշ նա տեղափոխվեց թագավորական պալատ։ Երբ Ռիչարդ III-ը մահացավ, իսկ գահին հայտնվեց Հենրի VII Թյուդորը, Էդուարդ IV-ի երեխաներին բաստարդ հռչակած ակտը չեղյալ հայտարարվեց։ Հենրի VII-ը ամուսնացավ Էդուարդի դուստրերից ավագի՝ Էլիզաբեթի հետ, իսկ Քեթրինը դարձավ դիվանագիտական արժեքավոր ակտիվ. նախատեսվեց նրա ամուսնությունը Հովհաննես Արագոնացու, իսկ ավելի ուշ՝ շոտլանդական արքայազն Ջեյմս Ստյուարտի՝ Ռոսսի դքսի հետ, սակայն երկու դեպքում էլ գործը չհասավ հարսանիքին։ 1495 թվականին Քեթրինը ամուսնացավ Ուիլյամ Կուրտենեի՝ Թյուդոր-թագավորի մոլի ջատագով Դևոնի կոմսի որդու և ժառանգորդի հետ։
1502 թվականին Քեթրինի ամուսինը սկսեց կասկածվել գահի Յորքյան հավակնորդ Էդմունդ դե լա Պոլի դավադրությանը մասնակցելու մեջ և շուտով ձերբակալվեց, զրկվեց ունեցվածքից և հոր տիրույթներն ու տիտղոսները երեխաներին փոխանցելու իրավունքից։ Քեթրինը՝ ինքը, քրոջ հովանավորության շնորհիվ մնաց ազատության մեջ։ 1509 թվականի ապրիլին Հենրի VII-ի մահից հետո նոր թագավորը ներեց Ուիլյամ Կուրտենեին և նրան վերադարձրեց բռնագրավված ունեցվածքը. շուտով մահացավ Քեթրինի սկեսուրը։ 1511 թվականի մայիսին Քեթրինի ամուսնուն վերադարձվեց հոր տիտղոսը, բայց մեկ ամիս անց Կուրտենեն մահացավ պլևրիտից։
Երեսուներկու տարեկանում այրի դառնալուց հետո Քեթրինը չամուսնանալու երդում տվեց։ 1512 թվականին նա թագավորից հանգուցյալ ամուսնու՝ Դևոն կոմսությունում բոլոր կալվածքներից ցմահ օգտվելու իրավունք ստացավ, նույն թվականին արքայադստեր 10-ամյա որդուն՝ Հենրիին, հանձնվեց Դևոնի կոմսի տիտղոսը։ Ամուսնու մահից հետո Քեթրինը հազվադեպ էր լինում պալատում. սակավաթիվ այցելություններից մեկը առիթը 1516 թվականին Հենրի VIII-ի դստեր՝ Մարիի մկրտությունն էր․ Քեթրինը աղջկա կնքամայրն էր։ Տիվերտոնում Քեթրինը շրջանի ամենաազդեցիկ ընտանիքի գլխավորն էր և խոշոր կալվածքի սեփականատերը, այնպես որ՝ կարող էր վարել իր ծագմանը համապատասխան ապրելակերպ։ Քեթրինը մահացել է Տիվերտոնի դղյակում, քառասունինը տարեկան հասակում և թաղվել տեղի Սուրբ Պետրոսի եկեղեցում՝ ճոխ արարողությամբ։ Քեթրինի երեխաները դարձել են Էդուարդ IV-ի բոլոր թոռներից միակները, ովքեր Յորքերի դինաստիայից ժառանգել են անգլիական գահի նկատմամբ հավակնությունները։