Ֆաթվա
From Wikipedia, the free encyclopedia
Իսլամական իրավունքը աշխարհի կարևորագույն իրավական համակարգերից մեկն է։ Այն տարբերվում է այլ իրավական համակարգերից իր յուրահատկությամբ, քանի որ, ի տարբերություն այլ, մասնավորապես՝ եվրոպական իրավական համակարգի, իրավունքի նորմայի տակ ենթադրում է ոչ թե կոկրետ պատմական օրենսդրի պատգամը, այլ մի կանոն, որը մուսուլմանական համայնքին է ուղղված Աստծո կողմից։ Ուստի հիմնված է ոչ թե տրամաբանական հետևությունների վրա, այլ իռացիոնալ, կրոնական դոգմաների, հավատի վրա։ Այդ պատճառով էլ այն ենթակա չէ փոփոխման, ուղղման կամ ժխտման, անվիճելի է և պետք է անպայման ի կատար ածվի։
|
Մուսուլմանական իրավական նորմերի դոգմատիկ բնույթը ենթադրում է ադապտացիոն յուրահատուկ մեխանիզմներ՝ դրանք գործող սոցիալական հարաբերություններին հարմարեցնելու համար։ Նմանատիպ մի մեխանիզմ է հանդիսանում ֆաթվան՝ կրոնական կամ քաղաքացիական տարբեր կոնկրետ և պրակտիկ իրողությունների հետ կապված իսլամական տեսակետը ներկայացող եզրահանգումը, որն ունի խորհրդակցական բնույթ և պարտադիր չէ կատարման համար, ի տարբերություն դատավճռի ( արաբերեն՝ قضاء ), որն անպայմանորեն պիտի ի կատար ածվի։
Ֆաթվաները տրվում են այն կոնկրետ իրավիճակներում, որոնց վերաբերյալ Ղուրանում և սուննայում հստակ ցուցում չկա։ Պարզաբանումները դուրս են բերվում վերոնշյալ երկու աղբյուրների հիման վրա՝ ընդհանուրից դեպի մասնավորը տանող տրամաբանական եզրահանգմամբ։ Այդ եզրահանգումները հետագայում կարող են նախատիպ հանդիսանալ նմանատիպ իրավիճակներում կողմնորոշվելու համար։
Աստվածաբան–իրավագետի կողմից տարբեր իրավիճակների պարզաբանման անհրաժեշտությունն առաջացել է իսլամի՝ որպես կրոնի ձևավորման դեռևս վաղ շրջանում, Մուհամմադ մարգարեի մահից հետո, երբ անընդհատ ընդլայնվող մուսուլմանական համայնքի առաջ սկսեցին ծառանալ իրենց նախադեպը չունեցած խնդիրներ, և քանի որ մարդկանց և Աստծո միջև միջնորդ հանդիսացող մարգարեն այլևս չկար, պետք էր կողմնորոշվել՝ ելնելով նրա թողած ժառանգությունից։ Հենց այս ժամանակ էլ ի հայտ եկան առաջին ֆաթվաները։
Ղուրանում ֆաթվա (فتوى) բառի բայարմատը հանդիպում է افتى (պարզաբանում տալ) կամاستفتى (պարզաբանում հայցել) բայաձևերով, որոնք հանդիպում են ա) Յուսուֆ (Հովսեփ) մարգարեի՝ փարավոնի երազի մեկնաբանման հայտնի սյուժեում և բ) կանանց և նրանց ժառանգության իրավունքի առնչությամբ, ընդ որում استفتى ձևը հանդիպում է միայն երկրորդ համատեքստում։ Ընդհանուր առմամբ այս բայաձևերը հանդիպում են հինգ այաթներում.
Հենց այս երկու բայաձևերն էլ, իրենց ածանցյալ բայանուններով, կիրառվել են մուսուլմանական իրավունքում դեռևս նրա ձևավորման շրջանում։ Սկզբնական շրջանում ֆաթվաները տրվում էին ի պատասխան կոնկրետ անձանց կոնկրետ հարցերի։ Ավելի ուշ շրջանում դրանք կարող էին նաև լինել աստվածաբան–իրավագետի երևակայության արդյունքում ստեղծված ենթադրյալ հարցերի պատասխաններ։
Ի սկզբանե ֆաթվաներ տալիս էին Մուհամմադ մարգարեի զինակիցները և հեղինակավոր աստվածաբան–իրավագետները (մուջթահիդները مجتهد) իջթիհադի արդյունքում։ Իջթիհադը աստվածաբան–իրավագետի՝ կրոնա–իրավական հարցերի ուսումնասիրման և լուծմանն ուղղված գործունեությունն է և նրա կողմից կիրառված սկզբունքների, փաստարկների, մեթոդների ու հնարների ամբողջությունը։ Իսլամի տարածման առաջին դարերի ընթացքում իջթիհադի միջոցով լուծվում էին ինչպես մանր, կենցաղային բնույթի անձնական խնդիրները, այնպես էլ իսլամի սկզբունքային դրույթներին վերաբերվող տարբեր հարցեր։ Սակայն տասներկուերորդ դարում, կրոնաիրավական դպրոցների ստեղծումից հետո, երբ արդեն վերջնական ձևակերպում էին ստացել իսլամի հիմնական սկզբունքները թե՛ գաղափարախոսության, թե՛ հասարակական կյանքի կազմակերպման տեսանկյունից, իջթիհադի «դռները փակվեցին»։ Այդուհետ այն թույլատրելի էր միայն այն հարցերում, որոնք կրում էին մասնավոր բնույթ և չէին առնչվում իսլամի հիմնաքարային սկզբունքներին։
Ֆաթվան կազմված է հարցից (سؤال, استفتاء) ուղղված մուֆթիին (պարզաբանում տվող աստվածաբան–իրավագետ) և վերջինիս տված պատասխանից (جواب)։ Թուղթը, որի վրա գրված է հարցը (եթե այն գրավոր է) կոչվում է ruq'at al-istifta' (արաբերեն՝ رقعة الاستفتاء) կամ kitab al-istifta' (արաբերեն՝ كتاب الاستفتاء) , երբ նրա վրա գրվում է նաև պատասխանը այն անվանվում է ruq'at al-fatwa (արաբերեն՝ رقعة الفتوة)։ Ֆաթվան սկսվում է բիսմիլլահով և ավարտվում «ուա Ալլահու յա՛լամ» ֆորմուլայով։
Մեկ իրավագետի տված ֆաթվաները հաճախ հավաքվում և հրատարակվում են գրքի տեսքով։ Նման ժողովածուները կարելի է դասակարգել երկու խմբի՝
- ժողովածուներ, որոնցում հարցն ու պատասխանը պահպանվում են գրեթե իրենց օրիգինալ տեսքով,
- ժողովածուներ, որոնցում հարցն ու պատասխանը ենթարկվում են համակարգային փոփոխությունների։
Առաջին տիպի ֆաթվաները առավել քան որևէ այլ տեսակի ֆաթվա կամ իրավական փաստաթուղթ (բացառությամբ, իհարկե, դատական արձանագրությունների) առնչվում են կոնկրետ անձի կոնկրետ հանգամանքներում։ Այդ ֆաթվաներում երբեմն նշվում է հարցն ուղղողի իրական անունը, երբեմն այն փոխարինվում է վերացական անունով, ինչպես Ամր և Զեյդ, երբեմն էլ ընդհանրապես չի հիշատակվում։
Ստորև եգիպտացի հայտնի մուֆթի Յուսուֆ ալ–Կարադաուիի երկու ֆաթվաների օրինակով կփորձենք ցույց տալ ֆաթվաների տրման մեխանիզմները.