Ֆաունա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆաունա (լատին․՝ Fauna՝ անտառների և դաշտերի աստվածուհի, կենդանիների հոտերի հովանավոր), որոշակի տարածքում կամ ջրատարածությունում (կամ երկրագնդի վրա) ապրող կենդանիների տեսակների ամբողջությունը։
Այս կամ այն շրջանի ֆաունան ձևավորվում է կենդանիների տարբեր խմբերի՝ ֆաունիստական համալիրների պատմական զարգացման պրոցեսում։ Ֆաունիստական համալիրների ծագման բացահայտումը սովորաբար դժվար է, իսկ երբեմն՝ անհնարին։ Այդ պատճառով կենդանիների տվյալ տեսակների որոշակի համալիրին պատկանելու մասին ավելի հաճախ դատում են այդ կենդանիների բնակության շրջանների՝ արեալների նմանության հիման վրա (կենդանիների այդ խմբերը կոչվում են ֆաունիստական տարրեր)։
Ֆաունան կազմող տեսակներն ունեն բնակության որոշակի վայրեր։ Այսպես՝ անապատային գոտու ֆաունաում կան կավային, ավազային, քարքարոտ անապատների, աղուտների, լճերի, գետերի, գետահովիտների բնակիչներ և այլն։ Ֆաունայի ուսումնասիրման հիմնական եղանակներից է կենդանիների տեսակների հաշվառումը։ Ֆաունայի հետազոտման վերջնական արդյունքը երկրագնդի կամ նրա առանձին շրջանների ֆաունիստական կամ կենդանաաշխարհագրական շրջանացումն է, որը կատարվում է ֆաունայի վերլուծության հիման վրա։ Ֆաունան չպետք է շփոթել կենդանական աշխարհի հետ, որը բնորոշվում է ոչ միայն կենդանիների տեսակային կազմով, այլև անհատների թվով։
«Ֆաունա» տերմինն օգտագործվում է նաև կենդանիների կարգաբանական խմբերի (որևէ տարածքի թռչունների ֆաունա, բզեզների ֆաունա և այլն), որոշակի դարաշրջանի կենդանիների (ժամանակակից ֆաունա, միոցենային ֆաունա և այլն) կամ շերտերի որոշակի խմբերում բրածո կենդանիների մնացորդների (երկրաբանության մեջ) բնորոշման համար։ Ֆաունան ուսումնասիրող գիտությունը կոչվում է ֆաունիստիկա։ Ֆաունա են կոչվում նաև որոշակի տարածքների կենդանական աշխարհի կարգաբանական կազմի վերաբերյալ համահավաք ամփոփիչ աշխատությունները։