Անողնաշարավորներ
From Wikipedia, the free encyclopedia
Անողնաշարավորներ (լատին․՝ Invertebrata), քորդա կամ ողնաշար չունեցող կենդանիներ։ Անողնաշարավորներ են երկրագնդի վրա ապրող կենդանիների մեծ մասը։ Տերմինը առաջարկվել է Ժան Բատիստ Լամարկի կողմից, որպես միջատները և որդերը միավորող անվանում։ Անողնաշարավոր են համարվում այն կենդանիները, որոնց մոտ բացակայում է ողնաշարը։ Խումբը ընդգրկում է կենդանիների բոլոր տեսակների շուրջ 97 %-ը՝ բացի քորդավորների տիպի ողնաշարավորների ենթատիպից (ձկներ, երկկենցաղներ, սողուններ, թռչուններ, կաթնասուններ և այլն)։
Ունենալով ընդհանուր բազմաբջիջ, էուկարիոտ նախնի, բոլոր տիպերը ընդգրկում են անողնաշարավոր կենդանիներ, բացառությամբ՝ քորդավորների տիպի։ Չնայած սրան, քորդավորների տիպի 3 ենթատիպերից 2-ը նույնպես անողնաշարավոր են (գլխաքորդավորները և պարեգոտավորները)։ Այս երկուսը և մնացած անողնաշարավորները ունեն միայն մեկ հոմեոզիսային գեների կուտակում, այն դեպքում, երբ ողնաշարավորները ունեն այդ գեների մի քանի կրկնօրինակ։ Պալեոկենդանաբանության և պալեոկենսաբանության մեջ անողնաշարավորների բրածո մնացորդները ուսումնասիրող ուղղությունը անվանվում է՝ անողնաշարավորների հնէաբանություն։