Աստղադիտարան
From Wikipedia, the free encyclopedia
Աստղադիտարան, գիտական հիմնարկ, որտեղ կատարվում են երկնային մարմինների ու երևույթների դիտումներ և հետազոտություններ։ Այդ դիտումների նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծությունները, կոորդինատներ, պայծառություն, գույն և այլն։ Որոշ աստղադիտարաններ մասնագիտացված են և հետազոտությունները կատարում են մի որոշակի եղանակով կամ նպատակով։ Այսպես, գոյություն ունեն ռադիոաստղադիտարաններ, արեգակնային կայաններ, արհեստական արբանյակների դիտման կայաններ և այլն։
Աստղաֆիզիկական աստղադիտարաններում հետազոտվում են տիեզերքում և երկնային մարմիններում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները և դրանց ֆիզիկական հատկությունները։ Որոշ աստղադիտարաններում որոշում են ճշգրիտ ժամանակը և կազմում աստղագիտական օրացույցներ։ Աստղադիտարանները, որպես կանոն, ուսումնասիրությունների արդյունքները հրապարակում են իրենց իսկ գիտական հանդեսներում և ինտերնետային կայքերում։ Բյուրականի աստղադիտարանում 1965 թվականից լույս է ընծայվում «Աստղաֆիզիկա» հանդեսը։