Հավանականությունների տեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Հավանականությունների տեսությունը մաթեմատիկայի բաժիններից է, որը զբաղվում է պատահական երևույթների մոդելավորմամբ և պատահականության վերլուծությամբ։ Այն մաթեմատիկական հիմք է հանդիսանում վիճակագրության համար, ինչպես նաև հաջողությամբ կիրառվում է քվանտային ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ գիտությունների մեջ։ Հավանականությունների տեսության կարևորագույն հասկացություններից են տարրական պատահույթը, պատահական մեծությունն ու բաշխման ֆունկցիան։ Ժամանակակից հավանականությունների տեսության ճյուղերից են՝ հերթերի տեսությունը, ստոխաստիկ երկրաչափությունը, ինֆորմացիայի տեսությունը, պատահական թափառումները և այլն։