Մետաքսի ճանապարհ
From Wikipedia, the free encyclopedia
«Մետաքսի ճանապարհ» (չինարեն՝ 絲綢之路, ուզբ.՝ Buyuk Ipak Yo'li, ղազ.՝ Ұлы Жібек жолы, ղրղզ.՝ Улуу жибек жолу, պարս.՝ جاده ابریشم, արաբ․՝ طريق الحرير, հինդի՝ रेशम मार्ग, մոնղ.՝ Торгоны зам), քարավանային ճանապարհ, որը միջնադարում կապել է Արևելյան Ասիան Միջերկրական ծովի հետ։ Առաջին հերթին այն օգտագործվել է Չինաստանից մետաքսի արտահանման համար, որից էլ առաջացել է Մետաքսե մեծ ճանապարհ անվանումը։ Ճանապարհը հարթվել է Ք. ա. 2–րդ դարում, անցկացվել է Սիանից մինչև Դունխուան։ Այնտեղ այն ճյուղավորվում էր՝ հյուսիսային ճանապարհն անցնում էր Տուրֆանի միջով, այնուհետև անցնում էր Պամիրը և հասնում Ֆերգանա և Ղազախստան, հարավայինը՝ Լոբնոր լճի կողքով Տակլա Մական անապատի հարավային եզրով, Յարքենդի և Պամիրի միջով հասնում է Բակտրիա, իսկ այդեղից՝ Պարթևստան, Հնդկաստան և Մերձավոր Արևելքով դեպի Միջերկրական ծով։ Չինաստանը Առաջավոր Ասիայի և ապա՝ Եվրոպայի հետ կապող առևտրաքարավանային մայրուղու անվանումը։ Գործում էր սկսած մեր թվարկությունից առաջ 2-րդ դարից մինչև մեր թվարկության 16-րդ դարը։
Տերմինը ներկայացվել է 1877 թվականին գերմանացի աշխարհագրագետ Ֆերդինանդ ֆոն Ռիխտհոֆենի կողմից։
«Մետաքսի ճանապարհ»-ով փոխադրվող հիմնական ապրանքը չինական մետաքսն էր։ «Մետաքսի ճանապարհը» սկիզբ էր առնում կենտրոնական Չինաստանից և Լանչ-ժոուով անցնելով Դունխան՝ երկատվում էր․ հարավային երթուղին անցնում էր Սոթան, Արքենդ, Բալհ և Մերվ քաղաքներով, հյուսիսայինը՝ Տուրֆան, Կաշգար, Սամարղանդ, Մերվ, ուր միանալով հարավայինին՝ ձգվում էր Հեկատոմպիլ, էկբատան, Բաղդադ քաղաքներով դեպի Միջերկրական ծովի Տյուրոս, Անտիոք նավահանգիստները։ Մետաքսի ճանապարհի մի հատվածն Իրանի հյուսիսային շրջաններից ձգվում էր Արաքսի հովիտը՝ Ջուղայի գետանցով դեպի Նախճավան և Արտաշատ, այնտեղից՝ Սև ծովի նավահանգիստները։
«Մետաքսի ճանապարհ»-ի երկարությունն ավելի քան 7 հազար կմ էր։ Իր գոյության առաջին դարերում «Մետաքսի ճանապարհ»-ով առևտրի միջնորդության համար գերակշիռ դեր ձեռք բերելու նպատակով սուր պայքար էր գնում Հռոմի և Պարթևստանի թագավորության առևտրական վերնախավերի միջև։ 5-6-րդ դարերում «Մետաքսի ճանապարհի» զգալի մասը պարսկա-սողդիական վաճառականների ձեռքում էր, իսկ Արաբական խալիֆայության կազմավորումից (VII դար) հետո գերակշռություն ստացան արաբ առևտրականները։ Ծովագնացության հետագա զարգացման հետևանքով, սկսած 14-րդ դարից, «Մետաքսի ճանապարհ»-ի նշանակությունը գնալով նվազեց։ «Մետաքսի ճանապարհը․» մեծ չափով նպաստեց Ասիայի և Եվրոպայի ժողովուրդների տնտեսական և մշակութային կապերի զարգացմանը։