Ռադիոակտիվություն
From Wikipedia, the free encyclopedia
Ռադիոակտիվություն (ճառագայթաակտիվություն, ռադիոակտիվ տրոհում), որոշակի քիմիական տարրերի անկայուն իզոտոպների ինքնաբերաբար փոխակերպումը մեկ այլ քիմիական տարրի իզոտոպի, որն ուղեկցվում է էներգիայի և տարրական մասնիկների արձակումով։ Այդ շարժընթացը կոչվում է ռադիոակտիվ տրոհում, իսկ տրոհվող միջուկները՝ ռադիոակտիվ միջուկներ։
Կենսաբանական հյուսվածքները քայքայող և մուտացիաներ առաջացնող անկայուն իզոտոպները կամ դրանք պարունակող նյութերը կոչվում են ռադիոակտիվ նյութեր։ Ռադիոակտիվությունը բնութագրող հիմնական մեծություններից է կիսատրոհման պարբերությունը՝ ժամանակահատված, որի ընթացքում ռադիոակտիվ միջուկների սկզբնական քանակությունը պակասում է 2 անգամ։ Կիսատրոհման պարբերությունը տատանվում է 10−7 վ-ից 1010 տարի տիրույթում, այսինքն՝ ռադիոակտիվ միջուկներն ապրում են բավական երկար, իսկ տրոհվում են կարճ ժամանակամիջոցում։ Ռադիոակտիվությունը լինում է բնական՝ պայմանավորված միջավայրում (օրինակ՝ հանքապարներում) առկա ռադիոակտիվ տարրերով, և արհեստական՝ առաջացած մարդու տնտեսական գործունեության հետևանքով (օրինակ՝ ԱԷԿ-ների շահագործումից, միջուկային զենքի փորձարկումից և այլն)։ Բնական ռադիոակտիվությունը բացասական երևույթներ չի առաջացնում, որովհետև կենդանի օրգանիզմները հարմարվում են դրան, իսկ արհեստական ռադիոակտիվությունը քայքայում է բնական էկոհամակարգերը և վտանգավոր է կենդանի օրգանիզմների ու մարդու առողջության համար։