Բիլլի Այլիշի ձայնագրած երգերի ցանկ
From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկացի երգչուհի և երգահան Բիլլի Այլիշը ձայնագրել է մեկ ստուդիական ալբոմ, երեք մինի ալբոմ և մեկ կենդանի ձայնագրությամբ ալբոմ։ 2015 թվականի նոյեմբերին՝ 13 տարեկան հասակում, Այլիշը հրապարակել է «Ocean Eyes» երգը SoundCloud հարթակում, ինչից հետո այն հիթ է դարձել[1][2]։ 14 տարեկանում նա պայմանագիր է կնքել Darkroom և Interscope Records լեյբլների հետ[3]։
2017 թվականի օգոստոսին Այլիշը թողարկել է իր դեբյուտային՝ «Don't Smile at Me» մինի ալբոմը[4]։ Այն գրվել է Այլիշի և նրա եղբոր՝ Ֆինիս Օ'Քոնելի և արտադրվել վերջինիս կողմից[5]։ «Don't Smile at Me»-ն մեծ մասամբ էլեկտրոփոփ ձայնագրություն է[6]։ Այն ռիթմ ընդ բլյուզի և ջազի ազդեցություններ ունի[7]։ Խոշոր լեյբում նրա դեբյուտային՝ «When We All Fall Asleep, Where Do We Go?» ստուդիական ալբոմը թողարկվել է 2019 թվականի մարտին և ներառել է «You Should See Me in a Crown», «When the Party's Over», «Bury a Friend», «Wish You Were Gay», «Bad Guy», «All the Good Girls Go to Hell» և «Ilomilo» սինգլները։ Նա համագործակցել է այլ արտիստների հետ, այդ թվում՝ Վինս Սթեյփլզի և Քալիդի։ Երաժշտության տեսանկյունից «When We All Fall Asleep, Where Do We Go?» ալբոմն ընդգրկվում է փոփ[8], էլեկտրոփոփ[9], ավանթ փոփ[10] և արտ փոփ ժանրերում[8]։ Քննադատները նշել են ինդի էլեկտրոնիկ, փոփ, EDM, դենս փոփ, սինթ փոփ, ռիթմ ընդ բլյուզ, թրեպ և ջազ ժանրերի ազդեցությունը[11][12][13]։ Ալբոմի երգերը բացահայտում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ժամանակակից երիտասարդությունը, թմրամոլությունը, կոտրված սիրտը, ինքնասպանությունը և հոգեկան առողջությունը։ Այլիշն ասել է, որ ալբոմը ներշնչվել է գիտակցված երազատեսությունից և գիշերային սարսափներից[14]։
Այլիշը ռեկորդ է սահմանել կին կատարողի համար Billboard Hot 100 չարթում միաժամանակյա երգերի քանակով[15]։ «Bad Guy» սինգլը դարձել է նրա առաջին հիթը, որը զբաղեցրել է այդ չարթի առաջին հորիզոնականը՝ շրջանցելով «Old Town Road» երգը, որը 19 շաբաթ շարունակ գլխավորում էր այն[16]։ Այլիշը 2000-ական թվականներին ծնված առաջին և Լորդից հետո ամենաերիտասարդ արտիստն է, որն այդ չարթում առաջին հորիզոնական զբաղեցրած սինգլ ունի[16]։