Հաշվողական բառերը չինարենում
From Wikipedia, the free encyclopedia
Չինարենի ներկայիս բոլոր բարբառները հաճախակի օգտագործում են հաշվողական բառեր կամ դասակարգիչներ։ Վերջիններս հիմնականում օգտագործվում են այն բառակապակցություններում, որտեղ գոյականին լրացնում է որևէ թվական[Ն 1]։ Երբ որևէ բառակապակցություն, ինչպես օրինակ «մեկ մարդ» կամ «երեք գիրք», թարգմանվում է չինարեն, հարկավոր է գոյականի և թվականի միջև տեղադրել անհրաժեշտ հաշվողական բառը։ Օրինակ՝ մանդարինում «մեկ մարդ» բառակապակցությունը թարգմանվում է « 一个人 yí gè rén », որտեղ yí նշանակում է 1, rén՝ մարդ, իսկ gè- ն հաշվողական բառն է։ Հաշվողական բառեր օգտագործվում են նաև որոշակի քերականական համատեքստերում, որտեղ օգտագործվում են 这 (這) zhè (այս) և 那 nà (այդ) ցուցական դերանունները։ Սակայն երբ գոյականին չի լրացնում որևէ խոսքի մաս, հաշվողական բառ չի գործածվում։ Հաշվողական բառերն օգտագործվում են նաև այլ նպատակներով։ Օրինակ՝ երբ դրանք օգտագործվում են ոչ թե գոյականից առաջ այլ հետո, և երբ կրկնվում են, հաշվողական բառերը ցույց են տալիս եզակի կամ հոգնակի թիվ։
Դասակարգիչ և հաշվողական բառ տերմինները հաճախ գործածվում են փոխարինաբար (չին.՝ 量词 (量詞) liàngcí, , բառացիորեն նշանակում է հաշվողական բառ), սակայն երբեմն նրանց միջև տարբերություն է առաջանում, քանի որ դասակարգիչը մասնիկ է, որը չունի իր սեփական իմաստը, իսկ հաշվողական բառը ունի նշանակություն՝ կախված այն գոյականից, որին լրացնում է։ Այն կարող է նշանակել օրինակ՝ կաթիլ, լիտր, բուռ, կտոր և այլն։ Հաշվողական բառեր են նաև ժամանակ և գումար չափող բառերը։ Դասակարգիչները իրենց հերթին բաժանվում են հաշվելի և անհաշվելի դասակարգիչների, քանի դրանցից որոշները գործածվում են հաշվելի, մյուսները՝ անհաշվելի գոյականների հետ։ Չնայած այս տարբերություններին՝ դասակարգիչները և հաշվողական բառերը լրիվ նույն քերականական գործածությունն ունեն։
Գոյականների մեծ մասը ունեն հատուկ իրենց դասակարգիչները։ Սա կապված է նրա հետ, թե գոյականը, որին այն լրացնում է, ինչ բնույթ ունի։ Օրինակ՝ այն գոյականների համար, որոնք տափակ են, ինչպես օրինակ թուղթը, սկավառակը և այլն, օգտագործվում է 张 (張) zhāng դասակարգիչը, մինչդեռ երկար և բարակ իրերի համար նախատեսված է 条 (條) tiáo դասակարգիչը։ Կարող են լինել տասնյակ կամ հարյուրավոր հաշվողական բառեր՝ կախված նրանից, թե ինչպես են դրանք հաշվում։ 个 (個) gè դասակարգիչը ընդհանուր է բոլոր բառերի համար և կարող է փոխարինել այլ դասակարգիչների հատկապես խոսակցական լեզվում։ Դասակարգիչ-գոյական կապվածության մասին բազմաթիվ հետազոտություններ են կատարվել։ Հետազոտողները տարբեր տեսակետներ ունեն դասակարգիչ-գոյական հարաբերության վերաբերյալ. նրանցից որոշները կարծում են, որ այդ հարաբերությունը կապված է գոյականի բնական իմաստաբանական առանձնահատկությունների հետ (օրինակ բոլոր երկար իր նշանակող գոյականների համար օգտագործվում է միևնույն հաշվողական բառը ), իսկ ոմանք կարծում են, որ այդ հարաբերությունը պայմանավորված է նախատիպային զույգերի նմանությամբ(օրինակ գիրք և բառարան գոյականների համար օգտագործվում է միևնույն դասակարգիչը)։ Տարբեր բարբառներով խոսող մարդիկ տարբեր հաշվողական բառեր են օգտագործում միևնույն գոյականի համար։
Հարավ-արևելյան Ասիայի լեզուներում նկատելի են նման դասակարգիչ համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ուսումնասիրել չինական համակարգը։ Դասակարգիչներին նման հին կառույցներում հատուկ դասակարգիչներ օգտագործելու փոխարեն կրկնվում էր գոյականը։ Նմանատիպ կառույցներ եղել են հին չինարենում սկսած Ք.ա. 1400 թվականից, սակայն իսկական դասակարգիչները առաջացել են ավելի ուշ։ Սկզբնական շրջանում թվականները և հաշվողական բառերը դրվում էին գոյականներից հետո և միայն 1100 թվականից սկսած սկսել են դրվել գոյականներից առաջ։ Շատ հաշվողական բառեր նախկինում եղել են գոյականներ, սակայն ժամանակի ընթացքում կորցրել են իրենց իմաստը։