Հարրի Բելաֆոնտե
ամերիկացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Հարրի Բելաֆոնտե (անգլ.՝ Harry Belafonte), լրիվ անունը՝ Հարոլդ Ջորջ Բելաֆոնտե Կրտսեր (անգլ.՝ Harold George Belafonte, Jr., մարտի 1, 1927(1927-03-01)[3][4][5][…], Հառլեմ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][6] - ապրիլի 25, 2023(2023-04-25)[7][8][1][…], Վերին Վեսթ Սայդ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1][9]), ամերիկացի երգիչ, դերասան, հասարակական ակտիվիստ։ Հռչակվել է կալիփսո երաժշտության արքա[18]. 1956 թվականին նրա թողարկած «Calypso» ալբոմը 31 շաբաթ շարունակ Billboard 200 հիթ շքերթում զբաղեցրել է առաջին տեղը, ինչպես նաև դարձել է պատմության մեջ մեկ միլիոնից ավելի օրինակ վաճառված առաջին երաժշտական ալբոմը[19]։ Բելաֆոնտեի առավել տարածված ու սիրված կատարումներից են The Banana Boat Song-ը, Jamaica Farewell-ը։ Նա կատարել ու ձայնագրել է բազմաժանր ստեղծագործություններ, այդ թվում՝ բլյուզ, ֆոլկ, գոսպել... Բացի այդ, գլխավոր դերերի կատարմամբ հանդես է եկել մի ամբողջ շարք կինոնկարներում (Carmen Jones (1954), Island in the Sun (1957), Օdds Against Tomorrow (1959)...):
Բելաֆոնտեն արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ երեք «Գրեմմի»-ի (ներառյալ ստեղծագործական ողջ կյանքում ձեռք բերած նվաճումների համար շնորհված «Գրեմմի»-ն), մեկական «Էմմի»-ի[20] ու «Թոնի»-ի։ 1989 թվականին նրան շնորհվել է Քենեդու կենտրոնի մրցանակ, 1994 թվականին՝ արվեստի ասպարեզում ԱՄՆ-ի ազգային մեդալ, 2014 թվականին՝ Ամերիկյան կինոակադեմիայի Ջին Հերշոլտի անվան օսկարյան մրցանակ (այսպես կոչված՝ «Նահանգապետների մրցանակ»)[21]։ Այդպիսով՝ նա դարձել է քսաներորդ անհատը, ով արժանացել է բոլոր չորս գերհեղինակավոր՝ «Օսկար», «Էմմի», «Գրեմմի» և «Թոնի» մրցանակներին։ 2022 թվականին Հարրի Բելաֆոնտեին նվիրված անկյուն է հանդիսավորությամբ բացվել ռոքնռոլի փառքի սրահում. նա այդ բարձր պատվին արժանացած ամենածեր ողջ մարդն է[22]։
1987 թվականից ի վեր Բելաֆոնտեն ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպան է[23]։ Ջորջ Բուշի կառավարման տարիներին եղել է վերջինիս ամենասուր քննադատներից մեկը, հանդիպումերից մեկի ժամանակ նրան բնորոշել որպես աշխարհի թիվ մեկ ահաբեկչի[24]։