Աթեիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Աթեիզմ կամ աստվածամերժություն, լայն իմաստով, աստվածների գոյության հավատի բացակայություն[1][2][3][4]։ Նեղ իմաստով աթեիզմը համոզմունքի մերժումն է, որ որևէ աստված գոյություն ունի[5][6]։ Առավել նեղ իմաստով աթեիզմը, մասնավորապես, այն համոզմունքն է, որ աստվածներ գոյություն չունեն[1][2][7][8]։ Աթեիզմը հակադարձում է թեիզմին[9][10], ինչը, ընդհանուր առմամբ, հավատքն է, որ առնվազն մեկ աստված գոյություն ունի[10][11][12]։
«Աթեիզմ» բառի ստուգաբանական արմատը ծագել է մ․թ․ա․ 5-րդ դարում հին հունարեն ἄθεος (atheos) բառից, որը նշանակում է «առանց աստված(ներ)»։ Հնագույն ժամանակներում այն ունեցել է մի քանի իմաստ և օգտագործվել է որպես հերքող տերմին նրանց համար, ովքեր փորձում էին մերժել այն աստվածներին, որոնց երկրպագում էին հասարակության մեծամասնությունը[13], նրանց, ովքեր լքվել էին աստվածների կողմից, կամ նրանց, ում տրված չէր հավատալ աստվածներին[14]։ Տերմինը արտահայտում է ուղղափառ հավատացյալների կողմից ստեղծված սոցիալական կատեգորիա, որի մեջ հասկացվում էին նրանք, ովքեր չէին կիսում իրենց կրոնական համոզմունքները[14]։ Աթեիզմը, որպես փաստացի տերմին, առաջացել է 16-րդ դարում[15]։ Խոսքի ազատության տարածման և կրոնի քննադատության հետագա աճի հետ կապված՝ աթեիզմ տերմինի իմաստը ավելի նեղացվեց։ Առաջին անհատները, ովքեր ներկայացան որպես աթեիստ, ապրել են 18-րդ դարում՝ Լուսավորության դարաշրջանում[16][15]։ Ֆրանսիական հեղափոխությունը, որը հայտնի է իր «աննախադեպ աթեիստական խորհրդով», պատմության մեջ առաջին խոշոր քաղաքական շարժումն էր, որը պաշտպանում էր մարդկային բանականության գերակայությունը[17]։
Աթեիզմի մասին փաստարկներ կան փիլիսոփայականից մինչև սոցիալական և պատմական մոտեցումներով։ Ռացիոնալիստները իրենց՝ աստվածներին չհավատալը բացատրում են այն փաստարկով, որ գոյություն ունեն էմպիրիկ ապացույցի բացակայություն[18][19], անհամապատասխան բացահայտումներ գաղափարների մերժում, որոնք չեն կարող կեղծվել[18][20]։ Անհավատները պնդում են, որ աթեիզմը առավել տնտեսող դիրքորոշում է, քան թեիզմը, և որ ամեն ոք ծնվում է առանց որևէ աստծու հավատալու[1], ուստի նրանք պնդում են, որ դա ապացուցելու բեռը ընկած է ոչ թե աթեիստների, որ պետք է ժխտեն աստվածների գոյությունը, այլ թեիստների վրա, որոնք պետք է հիմնավորումներ տրամադրեն[21]։ Չնայած որոշ աթեիստներ ընդունել են աշխարհիկ փիլիսոփաների ուսմունքներ (օրինակ՝ աշխարհիկ մարդասիրությունը)[22][23], այնուամենայնիվ չկա կոնկրետ գաղափարախոսություն կամ սահմանված վարքագիծ, որը ընդունում են բոլոր աթեիստները[24]։
Քանի որ աթեիզմը որպես հասկացություն տարբեր կերպ է բնորոշվում, աթեիստների ներկայիս թիվը դժվար է ճշգրիտ նշել[25]։ Համաձայն համաշխարհային Գելլափ կազմակերպության ուսումնասիրությունների՝ 2012 թվականի հարցվածների 13%-ը «համոզված աթեիստներ» են[26], 2015 թվականին՝ 11%-ը[27] և 2017 թվականին՝ 9%-ը[28]։ Ինչևէ, մի շարք ուսումնասիրողներ խորհուրդ են տվել զգուշանալ Գելլափի տվյալներից, քանի որ այլ հարցումներ, որոնք տասնամյակներ շարունակ օգտագործել են նույն չափանիշները և ընդգրկել են առավել մեծ թվով մարդկանց, համեմատաբար փոքր թվեր են ստացել[29]։ Առավել հին հետազոտության համաձայն, որը կատարվել է Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBС) կողմից 2004թ․, աթեիստների թիվը կազմում է աշխարհի ընդհանուր բնակչության 8%-ը[30]։ Վերջինիցս ավելի հին հետազոտության համաձայն՝ նրանք կազմում են ընդհանուր բնակչության 2%-ը, բայց անհավատները կարծում են, որ այդ թվին պետք է ավելացնել ևս 12%[31]։ Այս հետազոտությունների համաձայն՝ Եվրոպան և Արևելյան Ասիան աթեիզմի ամենաբարձր ցուցանիշներ ունեցող տարածաշրջաններն են։ 2015 թվականին Չինաստանի բնակչության 61%-ը ներկայացել են որպես աթեիստ[32]։ 2010 թվականին Եվրոպական միության տարածքում կատարվել է հարցում, որի արդյունքում ԵՄ բնակչության 20% պնդել է, որ չի հավատում «որևէ ոգու, Աստծո կամ կյանքի ուժի» գոյությանը[33]։