Թարգմանություն
From Wikipedia, the free encyclopedia
Թարգմանությունը ելակետային լեզվից (ԵԼ) թարգմանվող լեզվի (ԹԼ) միջոցներով բնագրային տեքստի լավ համարժեք հաղորդումն է[1]։ Անգլերենն ունի տերմինաբանական տարբերություն (ոչ բոլոր լեզուներն ունեն) թարգմանության (գրավոր տեքստ) և բանավոր թարգմանության (բանավոր կամ նշանային լեզվով հաղորդակցություն տարբեր լեզուների լեզվակիրների միջև) միջև․ այս տարբերությունից ելնելով՝ թարգմանություն երևույթը սկիզբ է առել տվյալ լեզվական համայնքում գրի առաջացումից հետո։
Թարգմանիչը միշտ ոչ կանխամտածված ռիսկի է դիմում ԵԼ-ի բառերը, քերականությունը կամ շարահյուսությունը ԹԼ թարգմանելիս։ Մյուս կողմից այսպիսի ներթափանցումները ներմուծում են կարևոր ԵԼ բառապատճեններ և փոխառություններ, որոնք հարստացնում են ԹԼ-ն։ Թարգմանիչները, որոնց թվում նաև հոգևոր տեքստերի առաջին թարգմանիչները, օգնում են կազմավորել հենց այն լեզուն, որով նրանք թարգմանում են[2]։
Թարգմանության գործընթացի աշխատատարության պատճառով 1940-ական թվականներից սկսած ջանքեր են ներդրվում, որոնք տարբեր հաջողություն են ունենում, թարգմանության գործընթացն ավտոմատացնելու կամ թարգմանիչներին մեխանիկական օգնություն ցուցաբերելու համար[3]։ Վերջին շրջանում համացանցի ընդլայնումը խթանեց թարգմանական ծառայությունների համաշխարհային շուկան և հեշտացրեց «լեզվի տեղայնացումը»[4]։