Աիշա բինթ Աբու Բաքր
From Wikipedia, the free encyclopedia
Աիշա բինթ Աբու Բաքր (արաբ․՝ عائشة بنت أَبي بكر; 614[1][2][3][…], Մեքքա, Հիջազ - մոտ հուլիսի 13, 678[4], Մադինա, Օմայյան խալիֆայություն), Մուհամմադ մարգարեի երրորդ և տարիքով ամենակրտսեր կինը, Աբու Բաքր բարեպաշտ խալիֆի և Ումմ Ռումանի դուստրը․ կրել է «հավատացյալների մայր» (արաբ. أمّ المؤمنين) պատվանունը։ Մուսուլմանների շրջանում Աիշան համարվում է իսլամի՝ իր ժամանակի 7 ամենախոշոր գիտնականներից մեկը։ Կենդանության օրոք Աիշային անվանում էին նաև «Արդարամիտ»։
Աիշա բինթ Աբու Բաքր արաբ․՝ عائشة بنت أَبي بكر | |
---|---|
Ծնվել է | 614[1][2][3][…] |
Ծննդավայր | Մեքքա, Հիջազ |
Մահացել է | մոտ հուլիսի 13, 678[4] |
Մահվան վայր | Մադինա, Օմայյան խալիֆայություն |
Գերեզման | Ալ Բաքի |
Քաղաքացիություն | Ուղղահավատ խալիֆների պետություն և Օմայյան խալիֆայություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի |
Ամուսին | Մուհամմադ մարգարե[5] |
Ծնողներ | հայր՝ Աբու-Բեքր[5], մայր՝ Fatima bint Zaid? |
Aisha Վիքիպահեստում |
Վաղ իսլամական պատմության մեջ թե՛ Մուհամմադի կյանքի օրոք, թե՛ մահվանից հետո, Աիշան կարևոր դերակատարություն է ունեցել։ Սուննիական ավանդույթում Աիշան ներկայացված է որպես կրթված և հետաքրքրասեր կին։ Նա նպաստել է Մուհամմադի ուղերձների տարածմանը և նրա մահվանից հետո 44 տարի ծառայել մուսուլմանական հանրույթին։ Աիշան նաև հայտնի է նրանով, որ 2210 հադիս է փոխանցել ոչ միայն Մուհամմադի անձնական կյանքի մասին, այլև այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ժառանգորդությունը, ուխտագնացությունը և վախճանաբանությունը։
Նրա հայրը՝ Աբու Բաքրը, Մուհամմադին հաջորդած առաջին խալիֆը դարձավ, որին երկու տարի անց փոխարինեց Ումարը։ Երրորդ խալիֆ Ուսմանի օրոք Աիշան նրա ընդդիմության առանցքային դերակատարներից էր՝ չնայած ո՛չ նրա սպանության մեղավորների, ո՛չ էլ Ալիի կողմնակիցների հետ նա համակարծիք չէր։ Ալիի կառավարման օրոք նա ցանկանում էր վրեժ լուծել Ուսմանի սպանության համար, ինչը փորձեց անել Ուղտի ճակատամարտում։ Աիշան մասնակցում էր ճակատամարտին, ճառեր ասում և ուղտի վրա նստած առաջնորդում զորքին։ Արդյունքում, նա պարտվեց ճակատամարտում, սակայն նրա մասնակցությունն ու վճռականությունն անջնջելի տպավորություն թողեցին։ Այս ճակատամարտին մասնակցության համար շիա մուսուլմանները ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք ունեն Աիշայի հանդեպ։
Այս իրադարձությունից հետո նա ավելի քան քսան տարի հանգիստ ապրել է Մեդինայում, չի զբաղվել քաղաքականությամբ, հաշտվել է Ալիի հետ և հանդես չի եկել Մուավիա խալիֆի դեմ[6]։
Ըստ որոշ ավանդական աղբյուրների՝ Աիշան Մուհամմադի հետ նշանվել է 6 կամ 7 տարեկանում։ Այլ աղբյուներ գրում են, որ նա 9 տարեկանում ոչ մեծ արարողությամբ է ամուսնացել[7]։ Որոշ աղբյուրներ էլ նշում են, որ ամուսնությունը նրա պատանեկության տարիներին է եղել։ Ամեն դեպքում, ամուսնանալու պահին նրա տարիքը և ամուսնության տարեթիվը գիտնականների շրջանում մինչև օրս տարակարծությունների թեմա են։