Զբոսաշրջությունն Իրանում
From Wikipedia, the free encyclopedia
Զբոսաշրջությունն Իրանում երկրի տնտեսության զարգացող ճյուղ։ Այն խիստ բազմազան է ներկայացված է Ալբորզի (հյուսիս) և Զագրոս (արևմուտք) լեռնաշղթաներում արշավների և լեռնադահուկային սպորտի մի շարք միջոցառումներով, Կասպից ծովի և Պարսից ծոցի ծովափնյա հանգստի կազմակերպմամբ, որտեղ տղամարդիկ և կանայք օգտվում են առանձին լողափներից[1]։ Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև՝ խմբային ու անհատական համաիրանական էքսկուրսիաների ժամանակ՝ Սպահանում, Շիրազում ու Թավրիզում։ Այս և մի քանի այլ քաղաքներում կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը։ Ներգնա տուրիզմն Իրանում աշխարհի խոշորագույններից է[2]։
Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են Իրանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները։ Իրանական հեղափոխությունից (1979) առաջ զբոսաշրջությունը բնութագրվում էր Իրանի տարբեր պատմամշակութային վայրերի համար այցելությամբ՝ Եգիպտոսին, Սիրիային և Իրաքին զուգահեռ։ 1980-ական թվականներին Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ զբոսաշրջությունը կտրուկ նվազեց[3]։ 1990-ական թվականներից իրավիճակը փոխվել է։ Իսլամական հեղափոխությունից ի վեր, Իրանի արտասահմանյան այցելուների մեծ մասը եղել են կրոնական ուխտավորներ կամ գործարարներ։ Իրանում շատ են շիական սրբավայրերը, որոնք գրավում են միլիոնավոր շիաների[4]։ Իրանական ռիալի խիստ արժեզրկումը 2012 թվականի սկզբից նույնպես դրական է Իրանի զբոսաշրջության համար. միայն 2013 թվականին Իրանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է 4.76 միլիոնի։ Ընդհանուր այցելուների 49%-ը Իրան էին եկել՝ տեսնելու ընկերներին ու բարեկամներին, 24%-ը՝ այցելելու տեսարժան վայրերը, 17%-ը՝ ուխտագնացության, 6%-ը՝ բուժման նպատակով և այլն։ Հինգ տարի անց Իրան այցելեցին մոտ ութ միլիոն զբոսաշրջիկներ[5]։
2019 թվականի դրությամբ առանց մուտքի վիզա կարող են այցելել 11 երկրի քաղաքացիներ՝ Հայաստան և Սիրիա (90-180 օր), Թուրքիա (90 օր), Վրաստան (45 օր), Ադրբեջան, Բոլիվիա, Լիբանան, Օման (30-ական օր), Եգիպտոս (20 օր), Մալայզիա և Վենեսուելա (15 օր)։ Եվս տասը երկրների քաղաքացիներ պետք է այցելեն հատուկ հրավերով (ԱՄՆ, Աֆղանստան, Բանգլադեշ, Իրաք, Կանադա, Կոլումբիա, Հորդանան, Մեծ Բրիտանիա, Պակիստան, Սոմալի)։ Մնացած երկրների համար մուտքի վիզան վճարովի է՝ օդային, ցամաքային կամ ծովային սահմանում տրվող։ Իրանի վիզան արժե 75 եվրո։ Ղեշմ և Քիշ կղզիներ կարելի է այցելել առանց մուտքի արտոնագրի[6]։