Լուռ մեծամասնություն
From Wikipedia, the free encyclopedia
Լուռ մեծամասնություն (անգլ.՝ Silent majority), մարդկանց զանգված, որը հրապարակավ չի արտահայտում իր կարծիքը և, որպես կանոն, չի մասնակցում հասարակական և քաղաքական կյանքին[1]։ Ըստ Ժան Բոդրիյարի՝ լուռ մեծամասնությունը բնութագրվում է ընդհանուր պասիվությամբ, իներտությամբ և կոնֆորմիզմի հակումով[2]։
Տերմինն ԱՄՆ-ում մասսայականացվել է 1960-ական թվականներին, մասնավորապես այն բանից հետո, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնը Վիետնամի պատերազմի վերաբերյալ դիմել է ժողովրդին։ Իր խոսքում Նիքսոնը «ամերիկացիների շատ լուռ մեծամասնությանը» (the great silent majority of my fellow Americans) հակադրել է «բարձրաձայն փոքրամասնությանը» (vocal minority), որն ակտիվորեն բողոքել է ռազմական գործողությունների շարունակման դեմ և պահանջել զորքերն անհապաղ դուրս բերել Վիետնամից[3]։ «Լուռ մեծամասնություն» ասելով Նիքսոնը նկատի է ունեցել միլիոնավոր հայրենասեր ամերիկացիների միջին խավին, որոնք ապրում էին քաղաքական կենտրոնից հեռու և զանգվածային լրատվության միջոցներում պատշաճ ներկայացուցչություն չէին ստանում։