Հավանականություն
From Wikipedia, the free encyclopedia
Հավանականություն, հնարավոր պատահույթի տեղի ունենալու հնարավորության մեծություն[1]։ Տես հավանականության և վիճակագրության բառարան։ Հավանականությունը տատանվում է 0 -ից 1-ի սահմաններում[2], որտեղ 0-ն ցույց է տալիս պատահույթի անհնարինությունը, իսկ 1-ը՝ հավաստիությունը[3][4]։ Ինչքան պատահույթի հավանականությունը մեծ է, այնքան ավելի հավանական է դրա տեղի ունենալը։ Հասարակ օրինակ է մետաղադրամը նետելու փորձը։ Երբ նետում ենք մետաղադրամը, երկու հնարավոր ելքերն («գերբ» և «գիր») իրար հավասար են, այսինքն «գերբ» ընկնելու հավանականությունը հավասար է «գիր» ընկնելու հավանականությանը, և քանի դեռ այլ հնարավոր ելքեր չկան, այդ երկու դեպքերի հավանականությունը մնում է 1/2 (0.5 կամ 50%)։
Այս հասկացությունները ձևակերպվել են աքսիոմատիկ մաթեմատիկական հավանականության տեսության մեջ, որն օգտագործվում է այնպիսի գիտություններում, ինչպիսիք են մաթեմատիկան, վիճակագրությունը, ֆինանսները, մոլեխաղերը, բնական գիտությունները (հատկապես ֆիզիկան), արհեստական բանականությունը, հաշվողական գիտությունը, խաղերի տեսությունը և փիլոսոփայությունը։ Հավանականության տեսությունն օգտագործվում է նաև նկարագրելու համար բարդ համակարգերի հիմքում օգտագործվող մեխանիզմներն ու կարգավորումները[5]։