Հյուսվածքային ինժեներիա
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսվածքային ինժեներիան կենսաբժշկական ինժեներիայի ոլորտ է, որը նպատակ ունի վերականգնել, կենսունակ պահել կամ փոխարինել օրգանիզմի կենսաբանական հյուսվածքները՝ օգտագործելով կենդանի բջիջներ, բիոմատերիալներ և ինժեներական մեթոդներ, ինչպես նաև անհրաժեշտ կեսաքիմիական և ֆիզիկաքիմիական գործոնները։ Սովորաբար հյուսվածքային ինժեներիայում օգտագործվում են բջիջների և հյուսվածքային սքաֆոլդների համակցություններ՝ բժշկական կիրառման նպատակով։ Թեպետ նախկինում հյուսվածքային ինժեներիան համարվել է բիոմատերիալների գիտության ենթաբաժին, սակայն, ժամանակի ընթացքում, այս ոլորտը, զարգանալով, վեր է ածվել գիտության առանձին ճյուղի։
Չնայած որ հյուսվածքային ինժեներիան, տերմինի լայն իմաստով, ունի շատ բազմազան կիրառություններ, սակայն գործնականում «հյուսվածքային ինժեներիա» տերմինն առավելապես կապված է իր բժշկական կիրառման հետ, երբ հյուսվածքային ինժեներիան օգտագործվում է վնասված հյուսվածքների կամ օրգանների վերականգնման կամ փոխարինման նպատակով (օրինակ՝ ոսկր, աճառ[1], արյունատար անոթներ, միզապարկ, մաշկ, մկան և այլն)։ Հաճախ, ֆունկցիոնալ լինելու համար, այս հյուսվածքները պետք է օժտված լինեն որոշակի հստակ մեխանիկական և կառուցվածքային հատկություններով։ Երբեմն «հյուսվածքային ինժեներիա» տերմինն օգտագործվում է նաև այն դեպքերում, երբ գիտնականների կողմից փորձ է արվում ստանալ որոշակի հստակ ֆունկցիաներ կատարող արհեստական համակարգեր՝ բջիջների ընդգրկմամբ (օրինակ՝ արհեստական ենթաստամոքսային գեղձ կամ բիոարհեստական լյարդ՝ BAL սարք։ «Ռեգեներատիվ բժշկություն» տերմինը հաճախ օգտագործվում է որպես «հյուսվածքային ինժեներիա» տերմինի հոմանիշ, սակայն, ռեգեներատիվ բժշկության մեթոդներում հատկապես ընդգծված է ցողունային բջիջների կամ պրոգենիտոր բջիջների օգտագործումը՝ հյուսվածքների ստացման նպատակով։