Մեծ արգելախութ
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ արգելախութ, կորալյան խութերի և կղզիների խումբ Կորալյան ծովում` Քվինսլենդի ափերի մոտ (Ավստրալիա)։ Կորալյան խութերի` աշխարհում ամենամեծ համակարգն է` բաղկացած 2.900 առանձին խութերից և 900 կղզիներից[1][2][3]։ Ձգվում է Ավստրալիայի հյուսիսարևելյան ափի երկայնքով շուրջ 2300 կմ (1.400 մղոն)։ Ընդհանուր մակերեսը 344.400 կմ² է, որ հավասար է Մեծ Բրիտանիայի մակերեսին[4][5]։ Հյուսիսային հատվածում լայնությունը 2 կմ է, իսկ հարավայինում՝ 152 կմ։ Արգելախութի մեծ մասը գտնվում է ջրի տակ։ Հարավում Արգելախութը գտնվում է ափից 300 կմ, իսկ հյուսիսում 32 կմ հեռավորության վրա։
Մեծ արգելախութ | |
Great Barrier Reef* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Մեծ արգելախութի հատված — տեսարան տիեզերքից։ | |
Երկիր | Ավստրալիա |
Տիպ | բնական |
Չափանիշներ | vii, viii, ix, x |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1981 (5-րդ նստաշրջան) |
Համար | 154 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Մեծ արգելախութը կարելի է տեսնել տիեզերքից։ Այն կենդանի օրգանիզմներից բաղկացած միասնական ամենամեծ համակարգն է աշխարհում[6]։ Արգելախութը բաղկացած է միլիարդավոր մանրագույն օրգանիզմներից, որոնք կոչվում են կորալյան պոլիպներ[7]։ Այն լայն կեսաբազմազանություն ունի, և 1981 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ CNN ընկերությունն այն անվանել է աշխարհի` բնության յոթ հրաշալիքներից մեկը[8]։ Քվինսլենդի ազգային ֆոնդն այն անվանել է Քվինսլենդ նահանգի «պետական սրբապատկեր»[9]։
Արգելախութի մեծ մասը պահպանվում է Մեծ արգելախութի ծովային պարկի կողմից, որը նպաստում է մարդու` խութի վրա ունեցած ազդեցության (ձկնորսություն, զբոսաշրջություն) սահմանափակմանը։ Խութի միջավայրի և նրա էկոհամակարգի մեկ այլ բացասական ազդեցություն էլ կեղտաջրերն են, կլիմայի փոփոխությունը, որոնք կորալների զանգվածային գունաթափման պատճառ են հանդիսանում։ 2012 թվականի հոկտեմբերին տպագրված ԳԱԱ ուսումնասիրությունների համաձայն` խութը 1985 թվականի համեմատությամբ կորցրել է իր կորալային ծածկույթի գրեթե կեսը[10]։
Մեծ արգելախութը հայտնի է վաղուց և օգտագործվել է Ավստրալիայի բնիկների ու Տոռեսի նեղուցի կղզիների բնակիչների կողմից։ Այն նրանց մշակույթի ու հավատալիքի կարևոր մաս է կազմում։ Արգելախութը նշանավոր վայր է զբոսաշրջիկների համար, հատկապես Ուիթսանդի և Քերնս կղզիների մոտ։ Զբոսաշրջությունը շրջանի տնտեսական գործունեության կարևորագույն մաս է կազմում` ապահովելով տարեկան մոտ 3 միլիարդ դոլար եկամուտ[11]։ 2014 թվականի նոյեմբերին Google-ն իր քարտեզներում տեղադրել է Մեծ արգելախութի եռաչափ պատկերը[12]։
2016 թվականի հաշվետվության մեջ ասվում է, որ կորալների գունաթափումն ավելի տարածված է, քան կարծում էին նախկինում։ Դա լավագույնս երևում է արգելախութի հյուսիսային մասերում[13]։ Այդ երևույթը պայմանավորված է կլիմայի փոփոխությամբ, օվկիանոսի ջրերի տաքացմամբ։ 2016 թվականի հոկտեմբերին Outside ամսագիրը հրատարակել է խութի «մահախոսականը», սակայն հոդվածն արժանացել է քննադատության այն պատճառով, որ այն ժամանակից շուտ է հոռետեսական տրամադրություններ արտահայտում` խոչընդոտելով արգելախութի կայունության ամրացմանը[14][15]։ 2017 թվականի մարտին Նեյչր (անգլ.՝ Nature) ամսագիրը հրապարակել է փաստաթուղթ, որը ցույց է տալիս, որ 2016 թվականի ընթացքում արգելախութի հյուսիսային մասում մահացել է հսկայական հատված` մոտ 800 կմ երկարությամբ, ինչը կապված է ջրի ջերմաստիճանի հետ։ Հոդվածի հեղինակները բարձրացնում են կլիմայի գլոբալ փոփոխության խնդիրը։