Ներուղեղային արյունազեղում
From Wikipedia, the free encyclopedia
Ներուղեղային արյունազեղում, հայտնի նաև որպես ուղեղի կամ գլխուղեղային արյունազեղում, ներգանգային արյունազեղման տարատեսակ է, որ տեղի է ունենում ուղեղային հյուսվածքի կամ փորոքների սահմաններում[1]։ Ախտանշանները կարող են ներառել սուր գլխացավ, միակողմանի թուլություն, փսխում, ցնցումներ, գիտակցության մթագնում և պարանոցի կարկամություն[2]։ Հաճախ ժամանակի հետ դիտվում է հիվանդության ախտանշանների վատթարացում։ Տենդը նույնպես բնորոշ է վիճակին։ Շատ դեպքերում արյունազեղում առկա է լինում ինչպես ուղեղային հյուսվածքում, այնպես էլ փորոքներում[3]։
Ներուղեղային արյունազեղում | |
---|---|
Դեպի կողմնային փորոք բացվող հանկարծակի ներուղեղային արյունազեղման ՀՇ պատկերավորում | |
Պատճառ | Գլխուղեղի վնասվածք, անևրիզմաներ, զարկերակերակային մալֆորմացիաներ, գլխուղեղի ուռուցքներ |
Հիվանդության ախտանշաններ | Գլխացավ, միակողմանի թուլություն, փսխում, ցնցումներ, գիտակցության մթագնում, պարանոցի մկանների կարկամություն, տենդ |
Բուժաքննություն | Համակարգչային շերտագրություն |
Բժշկական մասնագիտություն | Նյարդավիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 430, 432, 850 և 854 |
ՀՄԴ-10 | I60.0, I62 և S06 |
Բուժում | Զարկերակային ճնշման հսկողություն, վիրահատություն, փորոքների դրենավորում |
Intracranial hemorrhage Վիքիպահեստում |
Պատճառների թվում նշվում են գանգուղեղային վնասվածքները, անևրիզման, զարկերակերակային մալֆորմացիաները և գլխուղեղի ուռուցքները։ Հանկարծակի արյունազեղման համար մեծագույն ռիսկի գործոններն են բարձր զարկերակային ճնշումը և ամիլոիդոզը։ Ռիսկի այլ գործոններ են ալկոհոլիզմը, խոլեսթերոլի ցածր մակարդակը, հակամակարդիչ դեղամիջոցները և կոկաինը։ .[2] Ախտորոշվում է համակարգչային շերտագրության միջոցով։ Իշեմիկ ինսուլտը նույնպես ունի նման դրսևորում[3]։
Բուժումը իրականացվում է ինսենսիվ թերապիայի բաժանմունքում։ Ըստ ուղեցույցների անհրաժեշտ է նվազեցնել զարկերակային ճնշումը մինչև սիստոլիկ ճնշման 140 մմ ս.ս. և ավելի ցածր արժեքների։ Անհրաժեշտ է բացառել հակամակարդիչների ընդունումը, իսկ արյան մեջ գլյուկոզի մակարդակը պահել նորմայի սահմաններում։ Հիդրոցեֆալիայի (գլխուղեղում հեղուկի կուտակում) բուժման նպատակով կարելի է կիրառել փորոքների վիրահատական դրենավորում, սակայն կորտիկոստերոիդների կիրառումը հակացուցված է։ Կուտակված արյան վիրահատական հեռացումը կիրառական և օգտակար է միայն որոշակի դեպքերում[3]։
Գխուղեղային արյունազեղումը տարեկան ախտահարում է 10000-ից 2,5 մարդու։ Հաճախ հանդիպում է տղամարդկանց և տարեցների շրջանում։ Ախտահարվածների մոտավորապես 44%-ը մահանում է առաջին մեկ ամսվա ընթացքում։ Միայն 20% դեպքերում է դիտվում բարենպաստ ելք[2]։ Ինսուլտները (գլխուղեղի կաթված) առաջին անգամ 1823 թվականին բաժանեցին 2 մեծ խմբի՝ իշեմիկ (սակավարյունային) և հեմոռագիկ (արյունազեղային)[4]։