Ներուղեղային արյունազեղումներ
From Wikipedia, the free encyclopedia
Ներուղեղային արյունազեղում (ՆՈւԱ), հայտնի նաև ինչպես ուղեղային արյունահոսություն, ներգանգային արյունահոսության տեսակ, որը տեղի է ունենում ուղեղի հյուսվածքի կամ փորոքների սահմանում[3]։ Ախտանիշներն են՝ գլխացավ, միակողմանի թուլություն, փսխում, ցնցումներ, մթագնած գիտակցություն և պարանոցի կարկամություն[2]։ Շատ հաճախ ախտանիշները ժամանակի հետ գնալով վատանում են[1]։ Տենդը նույնպես հաճախ է հանդիպում[1]։ Շատ դեպքերում արյունը առկա է ինչպես պարենքիմայում, այնպես էլ փորոքներում[1]։
Ներուղեղային արյունազեղում | |
---|---|
Դեպի կողմնային փորոքներ լցվող ներուղեղային արյունահոսության ՀՇ պատկեր | |
Տեսակ | հիվանդություն |
Պատճառ | Ուղեղի վնասվածք, անևրիզմա, արտերիովենոզ մալֆորմացիաներ, ուղեղի ուռուցքներ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Գլխացավ, միակողմանի թուլություն, փսխում, ցնցումներ, գիտակցության մթագնում, պարանոցի կարկամություն, տենդ |
Բժշկական մասնագիտություն | Նյարդավիրաբուժություն |
ՀՄԴ-9 | 431 |
ՀՄԴ-10 | I61 և P10.1 |
Հոմանիշներ | Ուղեղային արյունազեղում, ներուղեղային հեմոռագիա, ներաքսիալ արյունազեղում, ուղեղային հեմատոմա, ուղեղային արյունահոսություն |
Ռիսկի գործոններ | Զարկերակային գերճնշում, ամիլոիդոզ, հարբեցողություն, ցածր խոլեստերին, հակամակարդիչներ, կոկաին[2] |
Ախտորոշում | Համակարգչային շերտագրություն[1] |
Տարբերակիչ ախտորոշում | Իշեմիկ կաթված[1] |
Բուժում | Արյան ճնշման կարգավորում, վիրահատություն, փորոքային դրենաժ[1] |
Կանխատեսում | 20% դեպքերում լավ ելք[2] |
Հանդիպման հաճախականություն | Տարեկան 2.5 դեպք 10,000-ի հաշվարկով[2] |
Մահերի քանակ | 44%-ը մահանում են մեկ ամսվա ընթացքում[2] |
Intracerebral hemorrhage Վիքիպահեստում |
Պատճառներն են՝ ուղեղի վնասվածք, անևրիզմա, արտերիովենոզ մալֆորմացիա և ուղեղի ուռուցքներ[1]։ Սպոնտան արյունահոսության ամենամեծ ռիսկի գործոններն են զարկերակային գերճնշումը և ամիլոիդոզը[2]։ Այլ ռիսկի գործոնների թվին են դասվում՝ հարբեցողություն, ցածր խոլեստերին, հակամակարդիչների և կոկաինի օգտագործում[2]։ Ախտորոշումը հիմնականում կատարվում է համակարգչային շերտագրության միջոցով[1]։ Նման պատկեր կարող է ունենալ նաև իշեմիկ կաթվածը[1]։
Բուժումը պետք է իրականացվի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում[1]։ Ուղեցույցերը խորհուրդ են տալիս իջեցնել սիստոլիկ զարկերակային ճնշումը մինչև 140 մմ ս․ս․[1][4]։ Եթե հնարավոր է, պետք է դադարեցնել հակամակարդիչների ընդունումը և արյան մեջ գլյուկոզի մակարդակը պահել նորմայի սահմաններում[1]։ Եթե առկա է հիդրոցեֆալիա, ապա կարելի է իրականացնել վիրահատություն և տեղադրել փորոքային դրենաժ, բայց կորտիկոստերոիդներ չպետք է օգտագործվեն[1]։ Որոշ դեպքերում կարող են արդյունավետ լինել արյան հեռացմանը միտված վիրահատությունները[1]։
Տարեկան 10․000 մարդուց 2․5-ի մոտ տեղի է ունենում ուղեղային արյունահոսություն[2]։ Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց և մեծերի մոտ[2]։ Ուղեղային արյունահոսությունով հիվանդների 44%-ը մահանում են առաջիկա մեկ ամսվա ընթացքում[2]։ Լավ ելք դիտվում է դեպքերի մոտ 20%-ում[2]։ Կաթվածները առաջին անգամ դասակարգվել են 2 հիմնական տեսակների՝ արյունահոսություն և անբավարար արյան մատակարարում, 1823 թվականին[5]։