Չանան
From Wikipedia, the free encyclopedia
Չանան (չինարեն՝ 长安, փինյին՝ Cháng'ān), համաշխարհային պամության մեջ Չինաստանի հայտնի մայրաքաղաք և ներկայիս Սիան քաղաքի հնագույն անվանումը։ Նախկինում արաբական տարածաշրջանում և Բյուզանդական կայսրությունում հայտնի էր Խումուտան անվանմամբ։ Պատմական իրադարձություններից ելնելով քաղաքի գտնվելու վայրը բազմիցս փոփոխվել է, սակայն մոտավորապես այն գտնվել է Սիան և Սյանյան քաղաքների մերձակայքում, ներկայիս Կուանճոն հարթավայրում։ Ավելի քան տասը դինաստիաներ, այդ թվում՝ Չժոուն, Ցինը, Հանը, Սույը և Թանը այստեղ են կառուցել իրենց մայրաքաղաքները՝ դարձնելով այն հին Չինաստանի կարևոր մետրոպոլիա։ Արևմտյան Հան դինաստիայի հիմնադրման առաջին տարում Չանանի շուրջ ստեղծվեց երեք շրջան՝ Ծինճաո պրեֆեկտուրան, ձախից՝ Ֆընյիի և աջից՝ Ֆուֆընի շրջանները։ Այդ պահից ի վեր Չանանը և նրա հարակից շրջանները սկսեցին անվանել «Սանֆու»՝ երեք շրջաններ։ Այս անվանումը տեղ գտավ նաև Երեք թագավորությունների, Ծին և այլ դինաստիաների օրոք։ Չինաստանի ամենահայտնի ժամանակաշրջանը կապվում է Արևմտյան Հան և Թան դինաստիաների հետ։ Չանանը հանդիսացել է երկու դինաստիաների մայրաքաղաքը։ Ավելի քան 800 տարի Չանանը եղել է Չինաստանի մայրաքաղաքը և կարևոր դեր է խաղում չինական դասական գրականության պատմության մեջ։
Չանան | |
---|---|
Չանանի Տայեն պագոդան, որը կառուցվել է Յոնհուեյ կայսեր կառավարման 3-րդ տարում (652) | |
Տեսակ | բնակավայր և հնագիտական հուշարձան |
Երկիր | Հան դինաստիա, Cao Wei, Jin dynasty, Han Zhao, Later Zhao, Former Qin, Western Yan, Later Qin, Jin dynasty, Xia, Northern Wei, Xia, Northern Wei, Western Wei, Northern Zhou, Sui dynasty, Տան հարստություն, Yan, Տան հարստություն, Qi (Huang Chao), Տան հարստություն, Later Liang dynasty, Later Tang dynasty, Later Jin dynasty, Later Han dynasty, Later Zhou dynasty, Սուն դինաստիա, Liu Qi և Jin dynasty |
Վարչատարածք | Սիան |
Իր ծաղկման շրջանում Չանանը, որի բնակչությունը կազմում էր ավելի քան 1միլիոն մարդ, ռեկորդ է սահմանել մարդկության ուրբանիզացիայի պատմության մեջ և եղել է ժամանակի ամենամեծ քաղաքներից։ Իր զարգացման գագաթնակետին այն եղել է Արևելյան Ասիայի և նույնիսկ ամբողջ Ասիա մայրցամաքի կենտրոնը՝ գրավելով մեծ թվով օտարերկրյա բանագնացների, վանականների և առևտրականների ուշադրությունը, իսկ Արևմտյան Հան և Թան դինաստիաների ժամանակաշրջանում Չանանից՝ հնագույն մայրաքաղաքից սկիզբ է առել հայտնի Մետաքսի ճանապարհը[1][2]։ Ներկայումս Սիան քաղաքում պահպանվել են բազում մշակութային ժառանգության վայրեր, ինչպիսիք են Թան դինաստիիայի պալատների ավերակները, դամբարանները, պագոդաները, արձանագրությունները, որմնանկարները, քանդակները և այն ժամանակի կենցաղային իրերը։ Թան դինաստիիայի օրոք Չանանը գտնվում էր Ծինճաո պրեֆեկտուրայի իրավասության տակ և բաժանված էր Չանանի և Վաննյանի շրջանների, որոնց սահմանն էր հանդիսանում Ճուցյուե պողոտան։ Թան դինաստիայի անկումից հետո Կուանճոնի շրջանն աստիճանաբար կորցրեց մայրաքաղաքի իր կարգավիճակը, քանի որ քաղաքական և տնտեսական կենտրոնը տեղափոխվեց դեպի արևելք, սակայն ավելի ուշ «չանան» տերմինը սկսեց լայնորեն կիրառվել որպես մայրաքաղաք բառի հոմանիշ։ Հինգ դինաստիաների ժամանակաշրջանում Լիան դինաստիան Ծինճաո պրեֆեկտուրան փոխարինեց Յոնճոու պրեֆեկտուրայով, հիմնեց Տաանի պրեֆեկտուրան, բանակը վերանվանեց Յոնփինի բանակ։ Հետագայում Ուշ Թան դինաստիայի ժամանակաշրջանում վերականգնվեց Ծինճաո պրեֆեկտուրան[3]։
Մին դինաստիայի հիմնադրումից հետո կայսր Ճու Յուենճանը Չանանը դիտարկում էր որպես հնարավոր մայրաքաղաքներից մեկը, սակայն թագաժառանգ Ճու Պիաոյի մահվան պատճառով այդ ծրագիրը չիրականացավ[4]։ Մին դինաստիայի օրոք Ֆընյուենի փողոցը վերանվանվեց Սիան պրեֆեկտուրայի, որն էլ բաժանվեց Չանանի և Սյաննինի շրջանների, որտեղից էլ առաջացավ Սիան քաղաքի անվանումը։ Մին դինաստիայի օրոք Սիան քաղաքում տեղի ունեցան որոշակի շինարարական աշխատանքներ։ Բազմաթիվ հնագույն շինություններ, ինչպիսիք են ներկայիս Սիանի քաղաքային պատը, Զանգակատունը, Թմբուկի աշտարակը կառուցվել են հենց այդ ժամանակաշրջանում։ 1943 թվականին Չինաստանի Հանրապետության Ազգային կառավարությունը վերականգնեց Սիան քաղաքը և վերաբաշխեց 230 կմ² տարածք Չընկուանի և Չընճոուի հատվածին։ Դրանից հետո քաղաքը շարունակեց գոյություն ունենալ համապատասխան անվանումներով, ինչպես օրինակ Չանանի շրջանը։