Սակավարյունություն
From Wikipedia, the free encyclopedia
Սակավարյունություն (հուն․՝ αναιμία` սակավարյունություն), անեմիա, արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտներ) կամ հեմոգլոբինի ընդհանուր քանակի նվազումը[1][2], արյան թթվածին կապելու տարողության նվազումը[3]։ Երբ անբավարարությունը դանդաղ է առաջանում, ախտանիշները հաճախ կարող են անորոշ լինել և ներառում են հոգնածություն, թուլություն, դժվարաշնչություն[4]։ Անեմիան, որը արագ է առաջանում, ունի բազում ախտանիշներ, որոնք կարող են ներառել շփոթվածություն, ուշագնացության զգացում, գիտակցության կորուստ և ծարավի զգացողություն[4]։ Անեմիան պետք է արտահայտված լինի՝ նախքան անձը զգալիորեն կգունատվի։ Կախված հիմնական հիվանդության պատճառից՝ կարող են լինել նաև լրացուցիչ ախտանիշներ[4]։
Սակավարյունություն | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | արյունաբանություն |
Anemias Վիքիպահեստում |
Անեմիայի երեք հիմնական տեսակները պայմանավորված են արյան կորստի, արյան կարմիր բջիջների արտադրության նվազեցման և կարմիր բջիջների ավելացման հետ[4]։ Արյան կորստի պատճառներից են վնասվածքները, ստամոքս-աղիքային արյունահոսությունները և այլն[4]։ Արտադրության նվազեցման պատճառները ներառում են երկաթի դեֆիցիտը, վիտամին B12-ի պակասը, թալասեմիան և ոսկրածուծի մի շարք նեոպլազիաները[4]։ Անեմիայի պատճառներից են նաև մանգաղաձև բջջային անեմիան, մալարիան և որոշ աուտոիմուն հիվանդություններ[4]։ Անեմիան դասակարգվում է նաև կարմիր բջիջների չափերի հիման վրա[4]։ Եթե բջիջները փոքր են, դա միկրոցիտար անեմիա է[4]։ Եթե դրանք մեծ են, ապա դա մակրոցիտար անեմիա է, իսկ եթե դրանք նորմալ են, նորմոցիտար անեմիա է[4]։ Տղամարդկանց մոտ ախտորոշվում է, երբ հեմոգլոբինի քանակը նվազում է 130-140 գ/լ-ից, իսկ կանանց դեպքում այն պետք է լինի 120-130 գ/լ-ից պակաս (12-13 գ/դլ)[4][4][5]։
Մարդկանց առանձին խմբեր, օրինակ՝ հղի կանայք, կանխարգելման համար ստանում են երկաթ պարունակող հաբեր[4][6]։ Սննդային հավելումն՝ առանց կոնկրետ պատճառը պարզելու, խորհուրդ չի տրվում[4]։ Օգտագործվում է միայն, եթե առկա են անեմիային բնորոշ արյան փոփոխություններ և ախտանիշներ։ Նրանք, ովքեր չունեն ախտանիշներ, հաբեր խորհուրդ չի տրվում, եթե հեմոգլոբինի քանակը ցածր չէ 60–80 գ/լ-ից(6–8 գ/դլ)[4][7]։ Դեղորայքը, որը խթանում է էրիթրոպոեզը, խորհուրդ է տրվում միայն ծանր անեմիայի դեպքում։ Անեմիան տարածված է ամբողջ աշխարհում[4]։ Երկաթ դիֆիցիտային անեմիա ունի շուրջ 1 միլիոն մարդ[8]։ 2013 թվականին, մոտ 183 000 մարդ մահացել է երկաթ դիֆիցիտային անեմիայից, 1990 թվականին՝ 213 000։ Այն ավելի տարածված է կանանց, քան տղամարկանց մոտ[9], հղիության ընթացքում, երեխաների և տարեցների մոտ[4]։ Անեմիան մեծացնում է բժշկական ծախսերը և նվազեցնում մարդկանց աշխատունակությունը[5]։ «Անեմիա» հասկացությունը փոխառնված է հին հունարեն՝ ἀναιμία anaimia բառից, որը նշանակում է արյան պակաս՝ ἀν- an՝ «չ» և αἷμα haima՝ «արյուն»[10]։