Ավիշ
From Wikipedia, the free encyclopedia
Ավիշ (լատին․՝ lympha՝ մաքուր ջուր, հեղուկ), մարդու օրգանիզմի ներքին միջավայրի բաղադրիչ, հեղուկ շարակցական հյուսվածքի տարատեսակ, որը կաթնասպիտակավուն թափանցիկ հեղուկ է. միջբջջային հեղուկից ջուրը և որոշ նյութեր անարգել անցնում են հյուսվածքներում սկիզբ առնող ավշային մազանոթների մեջ և վերածվում ավշի։ Նրա բաղադրության մեջ կան ամինաթթուներ, սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, հանքային աղեր, կենսաբանորեն ակտիվ նյութեր, նյութափոխանակության արգասիքներ։ Սակայն սպիտակուցների պարունակությունը ավշի մեջ 3-4 անգամ փոքր է, քան արյան մեջ։ Ավշի մեջ կան նաև լեյկոցիտներ, որոնք վնասազերծում են նրա մեջ թափանցած օտարածին մասնիկները և թունավոր նյութերը։ Տարբեր օրգաններից հոսող ավշի բաղադրությունը միանման չէ։ Օրական արյան մեջ է ներթափանցում 2-3 լ ավիշ։