Գանիմեդ (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Գանիմեդ (հին հունարեն՝ Γανυμήδης), Յուպիտերի յոթերորդ արբանյակն է[10], Գալիլեյան արբանյակներից և, ընդհանրապես, Արեգակնային համակարգում ամենամեծ արբանյակը, 8 %-ով մեծ է Մերկուրիից (Գանիմեդի տրամագիծը հավասար է 5 268 կիլոմետրի), իսկ զանգվածով զիջում է այդ մոլորակին համարյա երկու անգամ՝ 45 %-ով[11]։ Համեմատության համար, Գանիմեդի տրամագիծը 2 %-ով մեծ է Տիտանի տրամագծից, որը մեծությամբ երկրորդ արբանյակն է Արեգակնային համակարգում, ինչպես նաև Գանիմեդը ամենամեծ զանգվածը ունի մոլորակների արբանյակների մեջ, նրա զանգվածը 2,02 անգամ մեծ է Լուսնի զանգվածից[12]։ Հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գանիմեդ (այլ կիրառումներ)
Գանիմեդ (Յուպիտեր III) | |
---|---|
Գանիմեդի Յուպիտերին հակադարձ կողմի լուսանկարը, կատարված է «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 7 հունվար 1610[1][2][3] թ. (Գալիլեո Գալիլեյի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 4,61 (հակադիր դիրքում)[4] 4.38 (1951)[5] |
Հեռավորությունը Յուպիտեր | 1 070 400 կմ[6] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 1 069 200 կմ |
Ապոհելին | 1 071 600 կմ |
Մեծ կիսաառանցք | 1 070 400 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,0013[6] |
Սիդերիկ պարբերություն | 7,15455296[6] օր |
Ուղեծրային արագություն | 10,880 կմ/վ |
Թեքվածություն | 0,20°[6] (Յուպիտերի հասարակածի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 2634,1 ± 0,3 կմ[7] |
Մակերևույթի մակերես | 87,0 միլիոն կմ² |
Ծավալ | 7,6 × 1010 կմ3 |
Զանգված | 1,4819 × 1023[7] կգ |
Միջին խտություն | 1,936 ± 0,16[7] գ/սմ3 |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 1,428 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | 2,741 կմ/վ |
Պտույտի պարբերություն | Սինքրոն |
Առանցքի թեքում | 0 - 0,33°[8] |
Ալբեդո | 0,43 ± 0,02[4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | թթվածին[9] |
Գանիմեդը կազմված է մոտավորապես հավասար քանակի սիլիկատային ապարներից և ջրային սառույցից[13]։ Սա ամբողջությամբ դիֆերենցացված մարմին է երկաթով հարուստ հեղուկ միջուկով։ Գանիմեդի վրա ենթադրաբար գոյություն ունի ստորգետնյա օվկիանոս, որը գտնվում է սառույցի շերտերի և մակերևույթի միջև, մոտավորապես 200 կիլոմետր խորության վրա[14], որը կարող է պարունակել ավելին ջուր քան կա Երկրի բոլոր օվկիանոսներում միասին վերցրած[15][16][17][18][19]։ Գանիմեդի մակերևույթը ներկայացված է երկու տեսակի լանդշաֆտներով։ Մուգ շրջանները, որոնք զբաղեցնում են մակերևույթի մեկ երրորդ մասը, ծածկված են հարվածային խառնարաններով, որոնց տարիքը հասնում է չորս միլիարդ տարվա։ Ավելի պայծառ մասերը, որոնք ծածկում են մնացած մակերևույթը, հարուստ են լայն իջվածքներով և լեռնաշղթաներով, ավելի երիտասարդ տարիք ունեն։ Պայծառ մասերի կտրտվածության պատճառը վերջնականորեն չի ուսումնասիրված, սակայն, հավանաբար, արդյունք է տեկտոնիկ ակտիվության, որը առաջացել է պարբերական տաքացումների արդյունքում[7]։
Գանիմեդը Արեգակնային համակարգի միակ արբանյակն է, որն ունի սեփական մագնիսոլորտ, որը, ամենայն հավանականությամբ, առաջացել է կոնվեկցիայի արդյունքում, հեղուկ, երկաթով հարուստ միջուկում[20]։ Ոչ մեծ մագնիսոլորտը պարփակված է ավելի հզոր Յուպիտերի մագնիսոլորտի մեջ և կապված է նրա հետ «բաց» ուժային գծերով։ Արբանյակն ունի նաև բարակ թթվածնային մթնոլորտ, որի մեջ կան O, O2 և, հնարավոր է՝ O3 (օզոն)[9]։ Մթնոլորտում կա ատոմային ջրածին աննշան քանակներով։ Կապը արբանյակի իոնոսֆերայի և մթնոլորտի միջև առայժմ պարզ չէ[21]։
Գանիմեդի հայտնաբերումը պատկանում է Գալիլեո Գալիլեյին, ով առաջին անգամ տեսավ այն 1610 թվականի հունվարի 7-ին[1][2][3]։ Շուտով Սիմոն Մարիուսը առաջարկեց արբանյակի անվանումը, ի պատիվ դիցական Գանիմեդի՝ հին-հունական սեղանապետ-աստծո, Զևսի սիրեկանի[22]։ Գանիմեդի հետազոտությունները տիեզերական սարքերով սկսվեց «Պիոներ-10» ԱՄԿ-ով Յուպիտերի համակարգի հետազոտություններից[23]։ «Վոյաջեր» ծրագրով կատարվեցի ավելի մանրակրկիտ հոտազոտություններ և հնարավոր եղավ ճշտել նրա չափերը։ Ստորերկրյա օվկիանոսը և մագնիսական դաշտը հայտնաբերվեցին «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով։ Յուպիտերի համակարգ ուղղվող հաջորդ առաքելություններն են ՆԱՍԱ-ի կողմից ուղարկված «Ջունոն» և Եվրոպական տիեզերական գործակալության Յուպիտերի սառցե արբանյակների հետազոտող (JUICE) ԱՄԿ-ն, նախատեսված է 2022 թվականին։ Բոլոր երեք սառցե արբանյակների մոտով անցումից հետո սարքը պետք է դուրս գա Գանիմեդի ուղեծիր[24]։