Գեղարդի վանք
միջնադարյան վանական համալիր Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի մոտ՝ Ազատ գետի վերին հոսանքում՝ աջ ափին։ Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի զինվորը ծակել է Քրիստոսի կողը։ Այն Հայաստան էր բերել քրիստոնեության առաջին քարոզիչներից Թադեոս առաքյալը։ Այժմ այն գտնվում է Վաղարշապատում՝ պատմության թանգարանում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարդավանք (այլ կիրառումներ)
Գեղարդի վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Կոտայքի մարզ և Գեղարդ[1] |
Տարածաշրջան | Եվրոպա |
Հասցե | Գեղարդ գյուղից 12կմ հս-աե, Գողթ գետի աջ ափին[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Կոտայքի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1215 |
Մասն է | Գեղարդի վանք և Վերին Ազատի հովիտ |
Կազմված է | Միաբանության շենքը, Հուշաղբյուր տարոնցիներին, Թոնրատուն, Պարիսպ, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Եկեղեցի, Եկեղեցի, Ժամատուն-տապանատուն Պռոշյանների, Ժամատուն-դամբարան Պապաքի և Ռուզուքանի, Մատուռ Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Մատուռ և Մատուռ Սբ. Կարապետ |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1215 |
Geghard Վիքիպահեստում |
Վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում՝ մի վայրում, որը նախաքրիստոնեական շրջանում ծառայել է որպես սրբատեղի։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։ Ըստ ավանդության, առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ դարի սկզբին, երբ Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն[2]։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։
Զարգացած միջնադարում՝ պետականության վերականգնումից հետո (Բագրատունիների թագավորություն, 885-1045), Հայաստան ներխուժած արաբական զորքերը զորավար Նասրի հրամանով կողոպտում ու թալանում են վանքը։ 920-ական թվականների ավերից հետո վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով։ Վանական համալիրի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ական թվականներին, այն համարվում է 13-րդ դարի կառույց։ Գեղարդի վանքը զարգացման գագաթնակետին է հասնում Վրաց թագավորության կողմից Արևելյան Հայաստանի տարածքներն ազատագրելուց հետո, երբ հիմնադրվում է Զաքարյան իշխանապետությունը (1200-1261)։
Գեղարդի վանական համալիրը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և Հայաստանի տեսարժան վայրերից մեկը[3]։ 13-րդ դարում ստեղծված հիմնական հուշարձանախմբում են գլխավոր Կաթողիկե եկեղեցին, գավիթը, ժայռափոր 2 եկեղեցին, ժամատուն-դամբարանը։