Ծիր Կաթին
From Wikipedia, the free encyclopedia
Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայում։ Ծիր Կաթինը հայերենում անվանվում է նաև Հարդագողի ճանապարհ։ Ըստ հայկական առասպելի, մի խիստ ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորիների նախնի Բարշամինից հարդ է գողացել, և երկնքում մասամբ երևացող Ծիր Կաթինը գողացած հարդի հետքն է[4]։ Անհիշելի ժամանակներից մարդիկ հիացել են նրա երկնասփյուռ տեսքով։ Երկրից նայելիս այն ներկայանում է դիտողին մշուշոտ թույլ լույսով։ 1609 թ.՝ երբ Գալիլեյն աստղադիտակով դիտեց այդ գոտին, վերջնականապես պարզ դարձավ, որ այն բաղկացած է բազում հեռավոր աստղերից։ 7-րդ դարի հայ մեծ աստղագետ, տոմարագետ և փիլիսոփա Անանիա Շիրակացու ընկալմամբ, Ծիր Կաթինը կամ Հարդագողի ճանապարհը անթիվ-անհամար աստղերի լույսը կուտակած հսկա լուսաշերտ է. «խիստ աստեղք են բազումք, նուազք և յոյժ ընդ աղօտ երևմանէն միաւոր լոյսն տեսանի»։ Ծիր Կաթինը մեկնաբանելու փորձ է արել Կանտը։ Մոլորակային համակարգի առաջացման իր վարկածի նմանությամբ՝ նա համարել է դա պտտվող գազային սկավառակից առաջացած սկավառակաձև աստղային համակարգ, որի առանցքի շուրջը պտտվում են աստղերը, իսկ հեռավոր միգամածություններն էլ, հավանաբար դրանցից դուրս գտնվող նմանատիպ համակարգեր։ Մինչև 1920 թ․ շատ աստղագետներ կարծում էին, որ Ծիր Կաթինում է գտնվում տիեզերքի բոլոր աստղերը[5]։ 1920 թ. ամերիկացի աստղագետ Հարլոու Շեփլին, չափելով գնդաձև աստղակույտերի հեռավորությունները, եզրակացրեց, որ Ծիր Կաթինը շատ ավելի մեծ է, քան կարծում էին մինչ այդ, և Արեգակն էլ նրա կենտրոնում չէ։ Էդվն Հաբլին անելով դիտումներ ցույց տվեց, որ Ծիր Կաթինը միակ գալակտիկան չէ։ Ծիր Կաթինը ունի մի քանի արբանյակ գալակտիկաներ և կազմում է գալակտիկաների Տեղական խմբի մաս, որն էլ իր հերթին հանդիսանում է Կույս գալակտիկաների գերկույտի մաս։ Ծիր Կաթինը ձողավոր սպիրալաձև գալակտիկա է։ Տեսանելի տրամագիծը գնահատվում է 170000-200000 լուսատարի[6][7][8][9]։ Ըստ գնահատակաների այն պարունակում է 100-400 մլրդ աստղ[10][11] և գրեթե նույն քանակի մոլորակներ[12]։ Ծիր Կաթինի շուրջը հալոն կարող է ձգվել մինչև 2 մլն լուսատարի։ Արեգակնային համակարգը տեղակայված է Գալակտիկայի կենտրոնից 27000 լուսատարի հեռավորության վրա։ Գալակտիկայի կենտրոնում, որը կոչվում է Աղեղնավոր Ա տեղակայված է գերծանր սև խոռոչ՝ 4×106 արեգակի զանգվածով և այն հանդիսանում է ինտենսիվ ռադիոճառագայթման աղբյուր։ Աստղերը և միջաստղային գազը Գալակտիկայի կենտրոնից մեծ հեռավորության վրա կենտրոնի նկատմամբ պտտվում են 220 կմ/վ արագությամբ։ Հաստատուն պտտման արագությունը հակասում է կեպլերյան դինամիկայի օրենքներին և ենթադրվում է, որ Ծիր Կաթինի զանգվածի մեծ մասը անտեսանելի է դիտակների համար, կամ էլ ճառագայթում է չկլանվող էլեկտրամագնիսական ալիքներ։ Այդ ենթադրյալ զանգվածը անվանվել է «մութ մատերիա»։ Արեգակի մոտակայքում կենտրոնի շուրջը պտտման պարբերությունը 240 մլն տարի է։ Ծիր Կաթինը որպես մեկ ամբողջություն արտագալակտիկական օբյեկտների նկատմամբ շարժվում է 600 կմ/վ արագությամբ։
Այսպիսի համակարգում նույն կերպ պտտվող չեզոք ջրածնի ամպերը պետք է մեր նկատմամբ ունենան տարբեր տեսագծային արագություններ, և ռադիոսպեկտրում դրանց 21 սմ-անոց ռադիոգծերը, ունենալով տարբեր դոպլերյան շեղումներ, պետք է տարանջատված լինեն։ Դրա շնորհիվ 1927 թ. Օորտին հաջողվեց ապացուցել Ծիր Կաթնի պտույտը և բացահայտել նրա պարուրաձև կառուցվածքը։
Պարզվեց, որ Ծիր Կաթնի սկավառակում չեզոք ջրածինը բաշխված է ոչ թե համասեռ, այլ կազմում է պտտման կենտրոնի շուրջը փաթաթվող պարուրաթևեր։ Այն ժամանակ հեռավոր աստղերի հեռավորությունների որոշման մեթոդները դեռ բավականաչափ ճշգրիտ չէին, սակայն պարզ էր արդեն, որ Ծիր Կաթնի սկավառակում դիտվեղ աստղերի ու դրանց կույտերի մեծ մասը գտնվում են հենց այդ պարուրաթևերում։ Այսպես ուրվագծվեց Ծիր Կաթնի իրական կառուցվածքը, որը նորովի կոչվեց Գալակտիկա։