Կենտրոնական բանկ
From Wikipedia, the free encyclopedia
Կենտրոնական բանկ (անգլ.՝ central bank), կազմակերպություն, որը պատասխանատու է դրամավարկային քաղաքականության և վճարային համակարգի շահագործման, որոշ դեպքերում՝ ազգային տնտեսության կամ երկրների խմբի ֆինանսական հատվածի կարգավորման և վերահսկման համար։ Կենտրոնական բանկը դրամավարկային իշխանության ձև է։
Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ սահմանում գոյություն չունի, բոլոր սահմանումները ֆունկցիոնալ են, այսինքն՝ դրանք նկարագրում են կենտրոնական բանկը՝ իր գործառույթների միջոցով։
Արժույթի միջազգային հիմնադրամ. Կենտրոնական բանկ՝ ներքին ֆինանսական ինստիտուտ, որը վերահսկում է ֆինանսական համակարգի հիմնական ասպեկտները (պաշտոնական սահմանում, որն օգտագործվում է պաշտոնական վիճակագրության կազմում)[1]։
Եվրոպական կենտրոնական բանկ. Հանրային հաստատություն, որը ղեկավարում է երկրի կամ երկրների խմբի արժույթը, ինչպես նաև կարգավորում է փողի զանգվածը[2]։
Միջազգային հաշվարկների բանկ. Պետական քաղաքականության ինստիտուտ, որի հիմնական նպատակներն են՝ պահպանել դրամական կայունությունը և խթանել ֆինանսական կայունությանը[3]։
Բրիտանիկա հանրագիտարան. Ազգային փողի զանգվածի չափի, վարկի առկայության և արժույթի արժեքի կարգավորման համար պատասխանատու հաստատություն[4]։
Նոր Պալգրեյվ՝ տնտեսագիտական բառարան. Ինստիտուտ, որը ղեկավարում է փողի զանգվածը և վարկը դրամավարկային քաղաքականության նպատակների համար, գործելով որպես կառավարության բանկիր և առևտրային բանկերի բանկիր, ներառյալ վերջին միջոցների վարկավորումը, երկրի միջազգային պահուստների կառավրիչ[5]։
Բանկային գործի և ֆինանսների բառարան (Լոնդոն)․ երկրի կառավարության կողմից վերահսկվող հիմնական բանկը, ով ղեկավարում է երկրի ֆինանսական գործերը, սահմանում հիմնական տոկոսադրույքներ, գումար թողարկում, վերահսկում առևտրային բանկերը և ձգտում կառավարել փոխարժեքը[6]։
Կենտրոնական բանկերը տարբեր երկրներում տարբեր կերպ են կոչվում՝ ժողովրդական, ազգային, պետական, պահուստային։