Համաչափություն
From Wikipedia, the free encyclopedia
Սիմետրիա (հին հունարեն՝ συμμετρία համաչափություն), որոշակի փոփոխության (ձևափոխության) նկատմամբ օբյեկտի անփոփոխ մնալու հատկությունը։ Լայն (բովանդակային) առումով սիմետրիա ասելով հասկանում են որոշակի կառուցվածք, համակարգի կազմակերպվածություն, նրա տարրերի կարգավորվածություն, մասերի ներդաշնակ միավորում ամբողջի մեջ[1][2]։ Մաթեմատիկայում սիմետրիան ունի ավելի ճշգրիտ բնորոշում. այն նշանակում է, որ օբյեկտը դրսևորում է համաչափ հատկություններ տարբեր ձևափոխությունների, պտույտների կամ մասշտաբայնության ժամանակ։ Սիմետրիայի այսպիսի ըմբռնումը սերտորեն առնչվում է նմանության, կրկնության, ռիթմի, ներդաշնակության հասկացությունների հետ։ Չնայած սիմետրիայի այս երկու ընկալումները տարբերակվում են, սակայն նրանք կապված են իրար, այդ իսկ պատճառով այս հոդվածում դրանք կդիտարկվեն միասնաբար։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմետրիա (այլ կիրառումներ)
Մաթեմատիկական համաչափություն կարող է դիտարկվել ժամանակի, տարածության հարաբերությամբ, երկրաչափական ձևափոխություններում, գործառական փոփոխությունների այլ տեսակներում, ինչպես նաև վերացական օբյեկտի տեսանկյունից, լեզվական, երաժշտական և նույնիսկ գիտելիքի տեսական հնարավոր մոդելներում[3]։
Կախված հետազոտվող օբյեկտի բնույթից, սիմետրիայի հատկություններն ուսումնասիրվում են տարբեր գիտակարգերում, որոնցից յուրաքանչյուրում սիմետրիային տրվում է կոնկրետ բնորոշում։ Այս հոդվածում սիմետրիան նկարագրվում է երեք տեսանկյունից` մաթեմատիկական (ներառյալ երկրաչափականը), որը համաչափության առավել ծանոթ եղանակն է շատերի համար, գիտության ու բնության և արվեստի, որը ներառում է ճարտարապետությունը, երաժշտությունը։
Սիմետրիայի հակառակ երևույթը ասիմետրիան է։