Մարիա Անդրեևա
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Ֆեոդորովնա Անդրեևա (ռուս.՝ Мария Фёдоровна Андреева, հուլիսի 4, 1868(1868-07-04)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1953(1953-12-08)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի։ Հասարակական և քաղաքական գործիչ։
Մարիա Անդրեևա ռուս.՝ Мария Фёдоровна Андреева | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1868(1868-07-04)[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 8, 1953(1953-12-08)[2][1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել, դերասանուհի և կոմիսար |
Ամուսին(ներ) | Մաքսիմ Գորկի |
Երեխա(ներ) | Յուրի Ժելյաբուժսկի |
Պարգևներ և մրցանակներ | |
Մաքսիմ Գորկու քաղաքացիական կինը (1904 թվականից մինչև 1921 թվականը)։
Մարիա Անդրեևայի դերասանական փառքը, որը հանդիսատեսը և թատերական քննադատները գնահատել են նրբագեղ հուզականության, բանաստեղծականության և հմայիչ կանացիության համար, կապվում է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի հետ։ Այստեղ Մարիան առաջին անգամ խաղացել է Կ. Ս. Ստանիսլավսկու հետ և 1898 թվականից մինչև 1905 թվականը յոթ ամենաարգասաբեր թատերաշրջաններն է անցկացրել։ Պրոլետար գրողով տարվելը ընդհատել է նրա դերասանական բեմական կարիերան, և հաջորդող յոթ տարիները Անդրեևան Գորկու հետ անցակցրել է արտասահմանում։ 1913 թվականի սկզբին վերադառնալով նախահեղափոխական Ռուսաստան՝ դերասանուհին փորձել է բեմ վերադառնալ, սակայն կրկին հիմնավորվել Մոսկվայի գեղարվեստական թատրոնում և վերադարձնել հանդիսատեսի շրջանում երբեմնի ունեցած հաջողությունները նա չի կարողանում։
Անդրեևայի հասարակական-քաղաքական գործունեությունը սկսվել է 1899 թվականին, երբ նա հարեց սոցիալ-դեմոկրատներին և մարքսիստական գաղափարախոսությանը, 1904 թվականին դարձավ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) անդամ։ Ունենալով գործնական և առևտրային տաղանդ՝ Մարիա Ֆեոդորովնան, որպես բոլշևիկյան կուսակցության ֆինանսական գործակալ, հեղափոխական գործունեության նպատակով միջոցներ հավաքագրելու գործում խոշոր հաջողությունների հասավ, որի համար Լենինը նրան տվեց կուսակցական «ընկեր Ֆենոմեն» մականունը[4]։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մարիա Անդրեևան թատերա-գեղարվեստական ոլորտում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, եղել է Պետրոգրադի Դրամատիկական Մեծ թատրոնի ստեղծման նախաձեռնողներից մեկը (այստեղ էլ ավարտել է իր դերասանական կարիերան)։ Տիրապետելով եվրոպական մի քանի լեզուների՝ Մ. Ֆ. Անդրեևան Խորհրդային կառավարության հանձնարարականով մի քանի տարի աշխատել է Գերմանիայում, որտեղ պետության համար հայթայթել է կոշտ վալյուտա՝ լինելով Բեռլինում խորհրդային առևտրաներկայացուցչության գեղարվեստա-արդյունաբերական վարչության ղեկավարը։ Մարիա Անդրեևայի բազմաբովանդակ գործունեության ավարտական փուլը դարձավ Մոսկվայի Գիտնականների տունը, որը նա ղեկավարել է 18 տարի։