Միգել դե Սերվանտես
From Wikipedia, the free encyclopedia
Միգել դե Սերվանտես Սաավադրա (իսպ.՝ Miguel de Cervantes, մոտ սեպտեմբերի 29, 1547[2][3][4], Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն[5] - ապրիլի 22, 1616(1616-04-22)[2][3][6][…], Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[7]), իսպանացի աշխարհահռչակ գրող, որը համարվում է իսպանական գրականության ամենակարկառուն ներկայացուցիչներից ու աշխարհի լավագույն վիպասաններից մեկը։ Նրա ստեղծագործությունների մարգարիտը՝ «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» արկածային վեպը[9][10], թարգմանվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի լեզուներով և համարվում է համաշխարհային գրականության գլուխգործոցներից մեկը։ Այն ունի երրորդ ամենաշատ հրատարակման ծավալն Աստվածաշնչից և Հարի Փոթերից հետո[11]։ Շատ փորձագետներ կարծում են, որ «Դոն Կիխոտը» երբևէ գրված լավագույն ստեղծագործությունն է արևմտյան և համաշխարհային գրականության մեջ[12]։ Այնքան մեծ է Միգել դե Սերվանտեսի ազդեցությունն իսպաներեն լեզվի վրա, որ ռոմանական այս լեզուն շատ հաճախ անվանում են «Սերվանտեսի լեզու»[13]։
- «Սերվանտես» հոդվածը հղվում է այստեղ։ Ազգանվան կամ եզրի այլ կիրառությունների համար տե՛ս Սերվանտես (այլ կիրառումներ)
Ծնվել է | մոտ սեպտեմբերի 29, 1547[2][3][4] |
---|---|
Ծննդավայր | Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն[5] |
Վախճանվել է | ապրիլի 22, 1616(1616-04-22)[2][3][6][…] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Կաստիլիա և Լեոն[7] |
Գերեզման | convent of the Barefoot Trinitarians[8] |
Մասնագիտություն | վիպասան, դրամատուրգ, բանաստեղծ, երգերի հեղինակ, զինվոր, գրող, հաշվապահ և tax collector |
Լեզու | միջնադարյան իսպաներեն |
Ազգություն | Իսպանացի |
Քաղաքացիություն | Կաստիլիա և Լեոն[3] |
Կրթություն | Q5849846? և Սալամանկայի համալսարան |
Ժանրեր | պոեզիա, վեպ, ողբերգություն և կատակերգություն |
Գրական ուղղություններ | Իսպանական ոսկեդար, մաներիզմ և Միջնադարի գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | Դոն Կիխոտ և Խրատական նովելներ |
Ամուսին | Կատալինա դե Սալասար ի Պալասիոս |
Համատեղ ապրող | Ana de Villafranca y Rojas? |
Զավակներ | Իսաբել դե Սաավեդրա |
Ներշնչվել է
| |
Միգել դե Սերվանտես Վիքիքաղվածքում | |
Միգել դե Սերվանտես Վիքիդարանում | |
Miguel de Cervantes Վիքիպահեստում |
1567 թվականին Միգել Սերվանտեսը հարկադրված Կաստիլիայից տեղափոխվում է Հռոմ, որտեղ աշխատում է կարդինալի պալատում։ Այնուհետև նա զորակոչվում է Իսպանիայի կայսրական ռազմածովային նավատորմի հրաձգային գունդ և ռազմական գործունեություն ծավալում մինչև 1575 թվականը։ Այդ տարում Միգելի նավը դառնում է բերբերական ծովահենների զոհ և վերջինս գերության է դատապարտվում։ Հինգ տարվա գերությունից հետո գրավի դիմաց նա ազատ է արձակվում և վերստին բնակություն հաստատում Մադրիդում։
1585 թվականին լույս է տեսնում Սերվանտեսի առաջին գրական ստեղծագործությունը՝ «Լա Գալատեա» հովվական վեպը։ Նա աշխատել է իսպանական «անպարտելի» արմադայում որպես գործակալ, իսկ ավելի ուշ՝ որպես կառավարական հարկահավաք։ 1597 թվականին Սերվանտեսը ձերբակալվում է՝ հաշվետվություններում գանձված հարկերի չափի անհամապատասխանությունների պատճառով։ Ազատ արձակվելով 1605 թվականին Սերվանտեսը հաստատվում է Վալյադոլիդում, որտեղ էլ լույս է տեսնում նրա «Դոն Կիխոտ» արկածային վեպի առաջին մասը։ Ստեղծագործությունը կարճ ժամանակահատվածում մեծ հաջողություններ է ունենում Իսպանիայում, որն էլ ճանաչում է բերում ապագա գրական հանճարին։ Այսպիսով՝ նա վերստին մուտք է գործում գրական աշխարհ։ 1607 թվականին Միգելը վերջնականապես տեղափոխվում է քաղաքամայր Մադրիդ, որտեղ ապրում և ստեղծագործում է մինչև վախճանը։ Կյանքի վերջին ինը տարիների ընթացքում Սերվանտեսն ամրապնդում է իր հեղինակությունը որպես գրող՝ 1613 թվականին հրատարակելով «Նովելաս էխամպլարես» (թարգմանաբար՝ խրատական նովելներ), իսկ մեկ տարի անց՝ «Վիախա դե Պարնասո» (թարգմանաբար՝ ճանապարհորդություն դեպի Պարնասո) գրական ստեղծագործությունները։ 1615 թվականին լույս է տեսնում «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ» ստեղծագործության երկրորդ մասը, որն էլ ավարտուն տեսքի է բերում աշխարհահռչակ ստեղծագործությունը։ Նրա վերջին ստեղծագործությունը՝ «Լոս Տրաբախոս դե Պերսիլես ի Սիխիսմունդա» վեպը, հրատարակվում է 1617 թվականին՝ նրա մահվանից մեկ տարի անց։
Սերվանտեսն իր մահկանացուն կնքում է 1616 թվականի ապրիլի 23-ին Մադրիդում։