Շիզոֆրենիա
Հոգեկան խանգարում / From Wikipedia, the free encyclopedia
Շիզոֆրենիա (հին հունարեն՝ σχίζω՝ «ճեղքել», «կտրել»[4] + φρήν՝ «խելք, մտածողություն, միտք»[5]), ավելի վաղ՝ պրեկոկս դեմենցիա (լատին․՝ dēmentia praecox՝ «վաղ թուլամտություն»)[6] կամ սխիզոֆրենիա[7]՝ էնդոգեն պոլիմորֆ հոգեկան խանգարում[8], (կամ հոգեկան խանգարումների խումբ), որը բնութագրվում է մտածողության գործընթացների և հուզական ռեակցիաների քայքայումով[9]։ Ընդհանուր առմամբ, շիզոֆրենային խանգարումները, տարբերվում են մտածողության և ընկալման բնորոշ հիմնական խանգարումներով, ինչպես նաև անադեկվատ և նվազած աֆեկտով։ Հիվանդության առավել հաճախ դրսևորումներն են լսողական պսևդոհալյուցինացիաները, պարանորիդալ կամ ֆանտաստիկական զառանցանքը, խոսքի և մտածողության դեզօրգանիզացիան՝ սոցիալական դիսֆունկցիայի ֆոնի վրա և աշխատունակության անկումը։
Շիզոֆրենիա | |
---|---|
Տեսակ | հոգեկան հիվանդություն և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | փսիխոզ[1][2], cognitive dysfunction?[3][2], հիվանդություն և Զգայապատրանք |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն և կլինիկական հոգեբանություն |
ՀՄԴ-9 | 295295 |
ՀՄԴ-10 | F20 |
Բուժում | հոգեթերապիա |
Schizophrenia Վիքիպահեստում |
Ախտանշանային բազմազանությունը հագեցրեց այն բուռն քննարկումներին, թե արդյոք շիզոֆրենիան համարվում է հիվանդություն կամ ախտորոշում, որի հետևում թաքնված է համախտանիշների առանձին շարք։ Այս երկիմաստությունը արտացոլվեց անվանման ընտրության մեջ՝ Բլեյլերը օգտագործեց հոգնակի թիվը՝ անվանակոչելով հիվանդությունը շիզոֆրենիա[8]։
Բառի նշանակությունը՝ «մտածողության ճեղքում», առաջացնում է շփոթմունք՝ ժամանակակից մշակույթում հիվանդությունը նույնականացնում են «անձի երկատման» հետ՝ անհատականության դիսոցիատիվ խանգարման ոչ հստակ անվանակոչման պատճառով[10][11]։ Տերմինի առաջին հայտնի սխալ կիրառումը նշվել է գրող Տ․ Ս․ Էլիոտի 1933 թվականին տպագրված հոդվածում[12]։
Հետազոտության տվյալների համաձայն՝ հիվանդության ընդհանուր ռիսկը կազմում է 0,4-0,6% (4-6 դեպք 1000 մարդու հաշվով)[13][14]։ Տղամարդիկ և կանայք հիվանդանում են հավասար հաճախականությամբ, սակայն կանանց մոտ կա միտում հիվանդության ավելի ուշ սկզբի։
Շիզոֆրենիայի բուժման համար գլխավորը համարվում է հակապսիխոտիկ դեղորայքային թերապիան (ինչպիսիք են՝ ամիսուլպրիդ, օլանզապին, ռիսպերիդոն, կվետիապին)[15] կոգնիտիվ-վարքային հոգեթերապիայի, ընտանեկան հոգեթերապիայի, աշխատանքային թերապիայի, սոցիալական ռեաբիլիտացիայի հետ։ Դեռևս հստակ չէ, թե այս հակապսիխոտիկներից որն է ավելի արդյունավետ՝ տիպիկը թե ատիպիկը, սակայն վերջիններս համարվում են ավելի ժամանակակից և ունեն ավելի քիչ կողմնակի ազդեցություններ[16]։ Ծանր վիճակներում և այն դեպքում, երբ այլ հակապսիխոտիկները չեն օգնում, օգտագործում են հետազոտություններով ապացուցված և ավելի մեծ արդյունավետություն ունեցող կլոզապինը[17]։ Այս դեպքում, երբ այն չի օգնում, առաջարկվում է ավելացնել նրան այլ հակապսիխոտիկ (օրինակ՝ ամիսուլպրիդ, արիպիպրազոլ) կամ հակադեպրեսանտ (օրինակ՝ միրտազապին, ֆլուվօքսամին, ցիտալոպրամ)[18][19][20][21]։
Շիզոֆրենիայով հիվանդների մոտ մեծ հավանականությամբ ախտորոշվում է կոմորբիդ խանգարումներ (ուղեկցող հիվանդություններ) նրանց թվում է՝ դեպրեսիա, տագնապային խանգարումներ[22], օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ[22]։ Ուղեկցող սոմատիկ հիվանդություններ՝ ներառյալ դիաբետ, սրտային և թոքային հիվանդություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, օստեոպորոզ, հիպերլիպիդեմիա և հիպոգոնադիզմ, որոնք հաճախ չեն ախտորոշվում և չեն բուժվում։ Ալկոհոլամոլության և թմրամոլության ռիսկը կազմում է մոտ 40%։ Հաճախակի հանդիպող սոցիալական խնդիրներն են երկարատև անաշխատունակությունը, աղքատությունը և անօթևանությունը։ Ինքնասպանության բարձր ռիսկը և առողջության հետ կապված խնդիրները պայմանավորում են կյանքի տևողության նվազումը, որը հիվանդների մոտ 10-12 տարով պակաս է համեմատած շիզոֆրենիայով չտառապող մարդկանց հետ[23]։
Շիզոֆրենիան համարվում է հաշմանդամություն առաջացնող հիմնական պատճառներից մեկը։ 1999 թվականին 14 երկրներում անցկացված հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ պսիխոզի ակտիվ վիճակը զբաղեցնում է երրորդ տեղը՝ լրիվ պարալիչից (կվադրիպլեգիա) և դեմենցիայից հետո՝ գերազանցելով հաշմանդամեցնող ազդեցություն ունեցող պարապլեգիային և կուրությանը[24]։
Այնուամենայնիվ, հիվանդության ընթացքում հայտնաբերվում է նշանակալի բազմազանություն և անխուսափելիորեն կապված չէ դեֆեկտի քրոնիկական զարգացման և առաջխաղացման հետ[25][26][27][28][29]։ Պատկերացումը (հիմնականում ընդունված), որ շիզոֆրենիան համարվում է անընդհատ զարգացող հիվանդություն[30][31], ներկայումս մերժվում է մասնագետների կողմից և չի հաստատվում նեյրովիզուալիզացիայի և կոգնիտիվ ֆունկցիաների հետազոտությունների մեթոդներով[30], կլինիկակական հսկողությամբ և պաթոմորֆոլոգիական տվյալներով[31]։ Որոշ դեպքերում առողջացումը լինում է լրիվ կամ մասնակի[26][28]։ Հիվանդության ավելի բարենպաստ ընթացքը պայմանավորող գործոններից են՝ իգական սեռը, դրական ախտանիշների գերակշռումը (հակառակ բացասականի), առաջին էպիզոդի մեծ տարիքը, մինչ հիվանդությունը գործելու լավ մակարդակը[32][33], հարազատների և ծանոթների կողմից ընդունումը և աջակցումը և այլն։
Հիվանդության ծանր ընթացքի դեպքում, եթե հիվանդը վտանգավոր է իր և շրջապատի համար, կարող է պահանջվել հարկադիր հոսպիտալացում։ Արևմտյան Եվրոպայում ստացիոնարում ընդունման հաճախականությունը և ժամկետները նվազել են, իսկ սոցիալական ծառայությունների աշխատանքի որակը՝ բարելավվել[34]։
Շիզոֆրենիայի ժամանակ կարող է նկատվել անհատի հիվանդ լինելու գիտակցման բացակայություն, որը կոչվում է անոզոգնոզիա[35]։ Բժիշկները երբեմն գործ են ունենում ոչ միայն շիզոֆրենիայով հիվանդի հիվանդության, այլև նրա մոտ ազգակցականների մերժման հետ, որը հանդիպում է նույնիսկ բավական կրթված մարդկանց շրջանում[36]։